««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տևական ժամանակ է՝ թեժ քննարկվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը երբեմնի սիրելի թիմի նկատմամբ: Բանն այն է, որ խմբակցությունում կան շատ, այսպես ասած, խանականներ, որոնց համար մեծ ցավ է, որ իրենց իշխանության ու հատկապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ է՝ Տեր-Պետրոսյանը սուր քննադատում է իր հոդվածներում:

Հատկապես ցավագին են ընդունել նախօրեին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի Ժ/Պ մնալու իրողության հետ: Հայտարարությունում առաջին նախագահը նշել էր․ «2018 թ․ դեկտեմ­բերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իմքայլականների այն հատվածը, որը առաջին նախագահի թի­մում է միշտ եղել, սկսել են ներքին քննարկումներում շատ վատ արտահայտվել նրա մասին, նրանց թվում են Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը և այլք, որոնք համարում են, թե Տեր-Պետրոսյանը իրեն սխալ է պահում: Մի հատվածն էլ կարծում է, որ այս սառը պատերազմը հրահրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինս գրեթե բոլոր փակ հանդիպումները սկսում էր Տեր-Պետրոսյանի քննադատությամբ, նրա թիմին անվանելով «լևոնական թափթփուկներ»: Ըստ նրանց՝ սա Տեր-Պետրոսյանի ապտակն է Փաշինյանին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել