Hraparak.am-ը գրում է․

Այսօր տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հանդիպումը: 
Հանդիպման մասին հայտարարություն էր տարածել Չինաստանի դեսպանատան կայքը:

«Սարգսյանը շնորհավորել է Չինաստանին Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ, բարձր է գնահատել ռազմավարական ձեռքբերումները: Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը տրամադրած աջակցության եւ Չինաստանի հետ բարեկամական քաղաքականություն վարելու պատրաստակամության համար», - նշվում էր հաղորդագրության մեջ:

«Հրապարակը» կապ հաստատեց ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության միջազգային հարցերով քարտուղար Արմեն Աշոտյանի հետ՝ մանրամասներ ճշտելու հանդիպման վերաբերյալ։ Մասնավորապես հետաքրքվել էի՝ արդյո՞ք քննարկում եղել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի վերաբերյալ։ 

Նշենք, որ ԱԽ նիստը հրավիրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ Ֆրանսիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նիստին Մինսկի խմբի եռյակը ներկայացրել էր Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որ պետք է բարձրաձայներ ԱԽ տվյալ պահի նախագահողը՝ Ռուսաստանը: Նախագիծը վերաբերում էր անհապաղ կրակի դադարեցմանը, հակամարտությանը երրորդ կողմերի միջամտության բացառմանը, հակամարտության մեջ ահաբեկիչների հայտնվելու անթույլատրելիությանը: Սակայն ՄԱԿ ԱԽ խորհրդի 5 մշտական անդամ պետություններից (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, ՖՀ, Միացյալ Թագավորություն) մեկը տապալել էր այն, ու նախագիծը բանաձև չէր դարձել։  

Ըստ Չինաստանի դեսպանության կայքի՝ Ֆանը Սարգսյանի հետ հանդիպմանը նշել էր, որ 2021 թվականին նշվում է Չինաստանի Կոմկուսի 100-ամյակը, և որ կուսակցությունը պատրաստ է շարունակել ամրապնդել միջկուսակցական համագործակցությունը։ «ՉԿԿ-ն իր պատանեկության բարգավաճման շրջանում է և պատրաստ է շարունակել ամրապնդել միջկուսակցական փոխանակումներն ու համագործակցությունն աշխարհի տարբեր բարեկամական կուսակցությունների, այդ թվում ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, ուսումնասիրելու և փոխառելու միմյանց հաջող փորձը կուսակցաշինության ու պետկառավարման մեջ»։ 

«Հանդիպման մասին հաղորդագրությունը տարածել է Չինաստանի դեսպանատունը, ոչ թե Հանրապետական կուսակցությունը, հետևաբար բոլոր հարցերը Չինաստանի դեսպանատան մամուլի ծառայությանը։ Հաղորդագրության հեղինակը մենք չենք, որ մեկնաբանեմ», - ասաց Աշոտյանը։ 

ՀՀԿ փոխնախագահը հավելեց, որ հանդիպումն «անցել է շատ կառուցողական, շատ աշխատանքային և շատ շահագրգիռ»։

Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի միջև հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն։ «Չինաստանի դեսպանները պարբերաբար հյուրընկալվել են ՀՀԿ գրասենյակում։ Նորանշանակ դեսպանի առաջին այցն էր, բայց մինչ այդ նախորդ դեսպանը պարբերաբար հյուրընկալվել է Հանրապետական կուսակցության գրասենյակում։ Ավելին, եթե չեմ սխալվում, մենք Հայաստանի միակ կուսակցությունն ենք, որ Չինաստանի Կոմկուսի հետ համագործակցության հուշագիր ունենք», - եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել