Armsport.am-ը գրում է.

Նժույգթափեր վարժությունում մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը հարցազրույց է տվել ArmSport-ին ու պատմել Եվրոպայի առաջին չեմպիոնության և իր զգացողությունների մասին․

«Նախ շատ ուրախ եմ, որ դարձա Եվրոպայի չեմպիոն, ԵԱ-ի արծաթե ու բրոնզե մեդալներն արդեն ունեի, միայն ոսկին չէի նվաճել։ Կրկնակի ուրախացնող էր այն փաստը, որ չեմպիոնությունս ապրիլի 24-ին տեղի ունեցավ, այդ օրը մեր դրոշը բարձրացավ ու ամբողջ աշխարհը տեսավ»,- ասում է Արթուր Դավթյանը։

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ArmSport-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ հենց նժույգթափեր վարժությունից ոսկե մեդալ չէր սպասում Արթուրից։ 28-ամյա մարզիկը ևս խոստովանում է, որ թեև մեդալային հույսեր ուներ, բայց որ չեմպիոն կդառնար, չէր սպասում․

«Եթե անկեղծ՝ չէի սպասում, որ հենց նժույգթափերում չեմպիոն կդառնամ։ Երբ դուրս եկա եզրափակիչ, նայելով հակառակորդներիս՝ հասկացա, որ մեդալ նվաճելու հնարավորություններ ունեմ, գուցե կարողանամ երրորդ տեղը զբաղեցնել, բայց որ չեմպիոն կդառնամ, չէի սպասում»։

Իսկ ահա հենացատկում մեր մարզիկից սպասելիքները մեծ էին․ Արթուրի՝ մինչ այս նվաճած բոլոր մեդալները հենց այս վարժությունից էին, սակայն այս անգամ նա բավարարվեց միայն 6-րդ տեղով․

«Ինչ վերաբերում է հենացատկի վարժությանը, ես առաջին ցատկս վատ կատարեցի, դրա համար էլ չկարողացա մրցանակային տեղ գրավել։ Հենացատկում չեմպիոն դառնալու հնարավորությունները ունեի, ցավոք չստացվեց»,- խոստովանում է Արթուր Դավթյանը։

Տոկիո-2020-ում մարմնամարզության Հայաստանի միակ ներկայացուցիչն ընդգծում է՝ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի չեմպիոնությունը միանշանակ կավելացնի վստահությունն ու հավատը սեփական ուժերին․

«Յուրաքանչյուր մրցման մասնակցելուց հետո վստահությունդ ավելի է մեծանում, իսկ այս դեպքում ավելի պարտավորեցնող է, քանի որ չեմպիոն եմ դարձել ու պետք է ամեն ինչ անեմ հետագայում ևս այս նշաձողը պահելու ու վարժություններս ավելի լավ կատարելու համար։

Չեմ կարող ասել, թե Օլիմպիական խաղերում մրցումներս ինչպես կընթանան, բայց պետք է շատ պարապեմ, չարչարվեմ, որպեսզի կարողանամ Տոկիոյում լավ հանդես գալ։ Եթե ես իմ գործը լավ անեմ, մեդալի ակնկալիք կլինի, բայց դե մրցում է, նախապես ոչինչ չենք կարող ասել։ Ամեն դեպքում, այն որ ես կանեմ իմ առավելագույնը, դա հաստատ է։ Ցանկանում եմ լավ ելույթ ունենալ Տոկիոյում»,- ասում է Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք՝ ամառային 32-րդ խաղերը նախատեսված է անցկացնել հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել