Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ Սահմանադրության 158–րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարության հրաժարականից հետո, Կառավարության անդամները շարունակում են իրենց պաշտոնավարումը մինչև նոր Կառավարության ձևավորումը։ Եթե վարչապետը չի ցանկանում այդ լիազորությունները կատարել, դա իր ընտրությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Անդրադառնալով՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը չի կարող մնալ վարչապետի ԺՊ, պատգամավորն ասաց.

«2018–ի իրավիճակում՝ չգիտեմ, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել, բայց դա կախված է տվյալ անձից։ Եթե Սահմանադրությունը թույլ տալիս է նման հնարավորություն՝ մնալ ժամանակավոր պաշտոնակատար, ապա կարող է եւ մնալ, բայց  վարչապետը  կարող է եւ հրաժարվել նույնիսկ ժամանակավոր պաշտոնավարումից։ Դա անձի հայեցողության խնդիր է»,– ասաց Արման Եղոյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ որ շատ ուժեր կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կազմակերպած ընտրությունները, պատգամավորն արձագանքեց, որ կասկածի տակ են դնում այն ուժերը, որոնց ղեկավարման ժամանակ գործադիրը խառնվել է ընտրություններին.

«Ընտրություններ կազմակերպում է ԿԸՀ-ն, այլ ոչ թե վարչապետը: Եթե մեկ այլ պաշտոնակատար լիներ, այդ նույն ուժերը կրկին կասկածի տակ կդնեին: Դա քաղաքական շահարկման գործիք է»,-ասաց Եղոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել