168.am-ը գրում է․

Մինչ իշխանությունները ոտնատակ են տալիս բանկային գաղտնիքը և ոչնչի առաջ կանգ չեն առնում՝ վերահսկողության տակ վերցնելու կապիտալի շարժերը, փողը լքում է բանկային համակարգը։ Դադարել են աճել բնակչության բանկային խնայողությունները։ Հիմա դրանք ավելի քիչ են, քան մեկ տարի առաջ էին։ Մինչդեռ նախկինում բնակչության բանկային խնայողություններն ավելանում էին տարեկան ընդհուպ 14-15 տոկոսով։

Հրապարակված վերջին տվյալներով՝ քաղաքացիների բանկային ավանդներն այս տարվա փետրվարին կազմել են 1 տրիլիոն 658 մլրդ դրամ։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ ավանդները նվազել են ավելի քան 17 միլիարդով։

Դեռ չհաշված դոլարի թանկացման ազդեցությունը։ Բանկային ավանդների կեսից ավելին դոլարով են։ Ու երբ հաշվի ենք առնում դոլարի թանկացման ազդեցությունը, պատկերը շատ ավելի տխուր է դառնում։

Նույնիսկ դոլարի թանկացման պայմաններում բնակչության տարադրամային խնայողությունները դրամով արտահայտված նվազել են։ Անցած տարվա փետրվարին դրանք կազմել էին 887 մլրդ դրամ, այս տարվա փետրվարին կազմել են 847 միլիարդ։

Դոլարի վերածելու դեպքում ստացվում է, որ անցած տարվա փետրվարին բնակչության տարադրամային խնայողությունները համարժեք էին 1 մլրդ 855 մլն դոլարի, այս տարվա փետրվարին համարժեք են 1 մլրդ 604 մլն դոլարի։

Տարբերությունը 251 մլն դոլար է։ Մեկ տարում դրանք նվազել են առնվազն 13 տոկոսով։

Խնայողությունների, այն էլ՝ տարադրամային խնայողությունների կրճատումը մտահոգիչ է։ Դա ոչ այլ ինչ է, քան փողի փախուստ։ Այն կապված չէ դրամի արժեզրկման հետ։ Դրանք դրամային խնայողություններ չեն, որոնք մարդիկ հանում էին՝ արժեզրկումից պաշտպանելու համար։

Դրանք տարադրամային խնայողություններ են, որոնց վրա դրամի արժեզրկումը որևէ ազդեցություն չունի։ Դրամի թուլացումը ոչ մի նշանակություն չունի տարադրամային ավանդների դեպքում։ Դրամի թուլացումից տարադրամային ավանդները կորուստներ չեն ունենում։ Բայց անգամ դա չի խանգարել, որպեսզի այդ գումարները դուրս չբերվեն բանկերից։

Այլ հարց, թե ինչո՞ւ է այդպես եղել։

Պատճառները կարող էին կապված լինել բանկային համակարգի, և ոչ միայն՝ բանկային համակարգի նկատմամբ եղած վստահության կորստի ու առաջացած նոր ռիսկերի հետ։

Որ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ նվազել է, կասկած չկա, ու դա չէր կարող ազդեցություն չունենալ կապիտալի տեղաշարժերի վրա։

Այդ գումարների մի մասը՝ ապահովության, գուցե նաև՝ ներդրումների կամ այլ պատճառներով դուրս են բերվել ոչ միայն բանկային համակարգից, այլև երկրից։

Տարեսկզբի 2 ամիսներին բանկային համակարգի միջոցով քաղաքացիների կողմից արտերկիր է փոխանցվել ավելի քան 183 մլն դոլար։

Չի բացառվում, որ այդ գումարների մի մասն էլ բանկային համակարգի խնայողություններն են։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ մի կերպ չի նպաստում երկրի ներսում կապիտալի կուտակմանը կամ վերարտադրմանը։

Դեռ մի կողմ դնենք պատերազմն ու դրա հետևանքները, երկրի անվտանգության ու անկայունության հետ կապված խնդիրները։ Իշխանություններն իրենք են ամեն ինչ անում, որպեսզի երկրի ներսում կապիտալը հանգիստ չունենա։ Քանի կար, բանկային գաղտնիքն էին փոխում ու թուլացնում դրան ներկայացվող պահանջները, հիմա էլ որոշել են վերահսկողության տակ վերցնել բանկային հաշիվների շարժերը. կենտրոնացված ռեեստր են ստեղծում։ Կարծես այս երկրում, տնտեսության մեջ ու ֆինանսական համակարգում ավելի հրատապ խնդիրներ չկան լուծելու։

Պարզ է, որ դա որևէ մեկին դուր չի գա, ու մարդիկ փորձելու են ամեն կերպ իրենց միջոցները հեռու պահել բանկային համակարգից։ Առանց մտածելու հետևանքների մասին, ժամանակին գնացին բանկային գաղտնիքի ինստիտուտի թուլացմանը, հիմա էլ բանկային համակարգի վրա ճնշումը մեծացնելու մեկ այլ գործիք են հորինել, այն էլ՝ այսօրվա մարտահրավերների ու բազում մտահոգությունների պայմաններում։ Ինչքան էլ փորձ արվի համոզել, որ կենտրոնացված ռեեստրը վատ բան չէ և ուղղված է կոռուպցիայի ու փողերի լվացման դեմ, դրան քչերը կհավատան։

Միայն միամիտները կարող են կարծել, որ կոռուպցիայի կանխարգելման ու փողերի լվացման դեմ աշխատանքները թերի են, որովհետև չունենք բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։ Դա լինելու է ոչ միայն զուտ ֆինանսական, այլև քաղաքական գործիք՝ բանկային համակարգի միջոցով մարդկանց վրա ճնշում գործադրելու համար։ Մյուս կողմից՝ դա լինելու է գործիքը, որը մեծացնելու է անվստահությունը բանկային համակարգի նկատմամբ և բերելու է ֆինանսական միջոցների արտահոսքի նոր ալիքի։

Թե ինչ է այս ամենը նշանակում՝ շատ պատկերավոր ներկայացրել է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Ավելի ազնիվ չի լինի՞ հայտարարել, որ այլևս Հայաստանում մասնավոր բանկեր չկան, և որ բոլոր մասնավոր բանկերն այսուհետ ԿԲ-ի մասնաճյուղերն են:

Ի՞նչ կենտրոնացված ռեեստր, ինչի՞ համար…

Ի՞նչ են ուզում բանկերից, թե՞ ևս մեկ չփլուզված համակարգ են գտել: Այդ ո՞ր տեղեկություններն են, որ օրենքի պահանջով երբևէ բանկերը մերժել են, ուշացրել են, կամ հրաժարվել են տրամադրել: Գեթ մեկ նման դեպք առկա՞ է: Կամ` հայաստանյան բանկերով փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման քանի՞ դեպք է արձանագրվել:

Այսինքն` բացի այն, որ լիցենզիա են տալիս բանկերին, ամեն քայլը վերահսկում, հիմա էլ հաճախորդների մասին տեղեկություններն են կենտրոնացնո՞ւմ ԿԲ-ում:

Հայտնի չէ, գիտակցվա՞ծ են անում, թե՞ ոչ, բայց որ ներդրումների այս հատվածով կարելի է այլևս չանհանգստանալ, դա փաստ է, որովհետև դրանք վերջնական զրոյանալու են: Չի կարելի բացառել նաև որոշ ներդրումների հնարավոր փախուստը»,- գրել է Կարեն Ճշմարիտյանը։

Ֆինանսական միջոցների արտահոսքի պատճառներից մեկն էլ, ըստ ամենայնի, այսպես կոչված՝ ապօրինի գույքի բռնագանձում կիրառելու՝ իշխանությունների անհագուրդ ցանկությունն է, որը պատրաստվում են իրականացնել սպասվող ընտրություններից առաջ՝ մարդկանց աչքին թոզ փչելու համար։ Շատերը դրա տակ վտանգներ են տեսնում՝ անկախ նրանից, թե ինչքանով են առնչվում ապօրինի ծագում ունեցող գույքի հետ։

Թե ով է այս ամենից շահում, դժվար չէ պատկերացնել։ Բայց որ տուժելու են երկիրը, տնտեսությունն ու ֆինանսական համակարգը, կասկած չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել