Armenpress.am-ը գրում է.

Եզդի ժողովուրդը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եզդի ժողովուրդը մշտապես եղել է և կլինի հայ ժողովրդի կողքին: 

«106 տարի է անցել, սակայն այս ցավը չի մեղմացել: 1915-1918 թթ. եզդի ժողովուրդը նույնպես ցեղասպանություն է տեսել հայի հետ: Այդ տարիներին եզդիները նույնպես այդ ճակատագրին են արժանացել՝ տեղի է ունեցել ջարդ և ցեղասպանություն, մոտ 400 հազար զոհ ենք ունեցել:  Այսօր այստեղ ենք, որպեսզի բարձրացնենք մեր բողոքի ձայնը՝ ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության: Այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և 21-րդ դարում մենք տեսանք ցեղասպանության կրկնություն: 2014 թվականին տեղի ունեցած եզդիների ցեղասպանությունը հենց այդ ամենի շարունակությունն է»,- նշեց Հաջոյանը:

Նրա խոսքով՝ այդ ոճրագործությունը չդատապարտելը հանգեցրել է նոր ցեղասպանությունների: Եզդիների ազգային միության նախագահը կոչ արեց միջազգային հանրությանը և ԱՄՆ-ին, որպեսզի ճանաչվի ու դատապարտվի Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սպանվել են հազարավոր եզդիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել