Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հետագայում խուսափելու նման երևույթների կրկնումից: Սենատորը նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:

«Միանում եմ այն անձանց, որոնք պահանջում են հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը։ Ամոթ է, որ միջազգային հանրության շատ երկրներ դեռևս չեն ճանաչել մեր նորագույն պատմության այս սև դրվագը։ Գիտենք, որ դժվար է վերականգնել հասցված վնասը, բայց գոնե կարելի է խուսափել, որ նման երևույթները կրկնվեն, պետք է փորձենք մոռացության չտալ այն և դատապարտել ու ճանաչել հայ ժողովրդի տանջանքները»,-ասում է սենատորը:

Նա նշում է, որ այդ պատճառով միանում է հիշատակի այս օրվան և «Կոմպրոմիս» կոալիցիայի անունից իր ողջույններն է հղում հայ ժողովրդին։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել