News.am-ը գրում է․

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Գայանե Պապոյանից։

Փաստաբանն ասաց, որ առաջադրված մեղադրանքը եւ՛ պաշտպանների, եւ՛ Զաքարյանի համար անորոշ է, այդ պատճառով միջնորդել էին՝ տրամադրել մեղադրանքի վերաբերյալ պարզաբանում, բայց վարույթն իրականացնող մարմինը պարզաբանում չի ներկայացրել, նշելով, որ այդ միջնորդությունը համարվում է իրավունքի չարաշահում։

Պապոյանը նշեց, որ տեղեկություն չունեն՝ վարույթն իրականացնող մարմինը Զաքարյանին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացրել է դատարան, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ ապրիլի 21֊ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Ավելի վաղ տեղեկացանք, որ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։

Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվի այսօր՝ ժամը 18։30-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել