Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ արձակվեց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փոխքաղաքապետի փաստաբան Արմեն Մելքոնյանից։

Նա հայտնեց, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։

Մելքոնյանը նշեց, որ Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ավելի վաղ հայտնի դարձավ նաեւ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նրա ձերբակալությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Դավիթ Կարապետյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Հովսեփյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում էր կալանք՝ մինչեւ մեկ ամիս եւ տուգանք, մինչդեռ՝ ձերբակալումը կարող է կիրառվել այն պայմանի դեպքում, երբ անձի նկատմամբ կարող է նշանակվել չորս տեսակ պատժատեսակ՝ ցմահ ազատազրկում, ազատազրկում, կալանք եւ կարգապահական գումարտակում պահել։

Նրա խոսքով՝ Հովսեփյանը ներկայացրել է չորս երեխաների ծննդյան վկայականը, ընդ որում՝ նրանցից երկուսի ութ տարին լրացած չէ, իսկ կալանք պատիժը մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում։

«Այսինքն՝ ձերբակալման պայմանը չի պահվել, Մենուա Հովսեփյանի նկատմամբ համենայն դեպս առաջիկա ութ տարիների ընթացքում այդ հոդվածով պատժատեսակ չի կարող կիրառվել»։

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ երեկ նրան ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ ապրիլի 22-ին, կեսգիշերն անց Մենուա Հովսեփյանին ոստիկանները բերման են ենթարկել։

Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ բնակիչների հետ եւս մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին։

Նշենք, որ ոստիկանները բերման էին ենթարկել նաեւ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին եւ Շուռնուխ համայնքի նախկին ղեկավար Արարատ Աղաբեկյանին։ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել