««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար: Մասնավորապես, նրանք այս օրերին քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական ու քաղաքացիական պալատների միացման հարցը: Բանն այն է, որ իշխանությունները խնդրի առջև են կանգնում ամեն անգամ, երբ վարչական և քաղաքացիական դատարաններում կարևոր գործեր են քննվում:

Եվ այժմ Ջհանգիրյանը և Թադևոսյանը անկախ դատարաններ ունենալու անվան տակ ցանկանում են միավորել այս երկու պալատները, որպեսզի ընդհանուր պալատի ղեկավար նշանակվի իրենց ներսից մեկը, ում կկարողանան 100 տոկոսով ղեկավարել և հրահանգներ տալ: Հիշեցնենք, որ Թադևոսյանի՝ քրեական պալատի նախագահ նշանակվելով՝ այս ոլորտի հարցը լուծված է, և այստեղ իշխանությունները խնդիրներ չունեն, այնինչ խնդիրների են հանդիպում հենց վարչական դիմումների պարագայում:

Նկատենք՝ վերջին շրջանում ավելացել է քաղաքական հնչերանգներ ունեցող վարչական դիմումների քանակը, քանի որ նախկին պաշտոնյաները, օրինակ՝ Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, հենց այնտեղ վիճարկում են իրենց մասով որոշումները: Եվ որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, իշխանությունները ցանկանում են այսպիսի փոփոխություններ անել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել