Tert.am-ը գրում է.

Կլինի՞ էժանագին «Ալիևը գլուխը պատին է տվել» արտահայտության փոխարեն գերիների հարցը լուծեք, թե՞ պիտի Մեղրիի խնդիր լուծեք, այդ ճիվաղային պլանին ընդդիմացողներին էլ Երևան քարշ տաք: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Սյունեցիների աշխարհազորային գումարտակն այս պատերազմում շա՜տ բան արեց: Այդ տղերքի հետ պատիվ ունեցա մի քանի օր ապրելու: Վախ, թուլակամություն, պատերազմի ժամանակ՝ փլավ, կեղծ խաղաղություն… նման իդիոտիզմով նրանք չէին զբաղվում: Իմ արխիվում ունեմ դեռ չհրապարակված կադրեր, որոնք մի օր անպայման կցուցադրեմ, որում էլ երևում է այդ տղաների սխրագործությունները և ինչպես են ճանճի պես ոչնչացնում թշնամու տեխնիկան՝ հնարամտությա՛մբ, ոչ թե կոնկրետ հրթիռներով: Ականատես եմ եղել նաև մեր հետախույզ տղերքի անգնահատելի օպերացիաներին, որոնց մասին հիմա ժամանակը չէ խոսելու: Այդ տղերքը հենց Հայաստա՛նն են և ոչ դասալիք հակաՀայաստանը: Այդ տղերքը թուրքի դեմ չեն կզել, նրանցից մեկը հայտնի Աշխարհաբեկն է, նույն ինքը՝ շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը, որը 3 պատերազմի մասնակից է, և որին Քննչական կոմիտեում այսօր ծնկաչոք փորձեցին ստորացնել: Թոքաբորբով հիվանդ մարդուն քաշքշել, նկարահանել ու փորձել ստորացնել՝ անունն ինչ էլ դնենք՝ անբարոյականություն է: Արարքն անբարո է և չունի ժամանակագրական, ազգային, պետական կամ վարչակարգային սահմանափակում կամ տարբերակում:

Հասկանալի է, որ իշխանությունը պիտի փորձի իր ղեկավարին պահել, հեղինակություն չսասանել, ինչ-որ տեղ՝ ատամ ցույց տալ… բայց ներողություն՝ ա՞յս իշխանությունը, որը գիշերով կնոջ տուն է մտնում, որն այդպես էլ չի հասկացել, որ բռնության հրաման է տալիս բնակչության այն հատվածին, որը վիրավոր է, որը խենթանալու աստիճան նեցուկ է փնտրում, որին պաշտպանելու համար զինվորական չի տրամադրում, որի տունը թուրքը խլել է, որին հատուցում չի՛ տրվել, որի երեխան անվտանգ չէ՛, որի եղբայրը կամ հարազատը մինչև օրս էլ դիրքեր է պահում ու հաճախ սարից տուն չի գնում, որի 5 հազար եղբայրները զոհվեցին պատերազմում, որի հայրենիքի մեծ մասը տրվեց թշնամուն, որը համարձակվել է բողոքել սուտասան ու սեփական ազգից վրեժ լուծող բռնապետի դեմ:

Օրենքից ե՞ք խոսում, ասում եք՝ իրավապահները թող զբաղվեն այդ շրջանակով, մի կողմ թողենք, որ գործադիրի ղեկավարն իրավունք չունի՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենքներով՝ իրավապահ մարմինների գործունեությանը միջամտել: Սա մի կողմ թողենք, որովհետև Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը վաղու՛ց է չարիք դարձել Հայաստանի օրենքի ու կարգի համար, վաղու՛ց է Սահմանադրությունը բռնաբարել ու դարձրել անպիտան թղթի կտոր: Սա ավելի շատ իշխանություն կոչեցյալի բարոյազրկման վերջին արարն է, «կարապի երգը»: Ամենակարողի կեղծ պատրանքը տարել է Ձեզ, Փաշինյա՛ն: Վաղուց եք կորցրել իրականության զգացումը, և եթե ձեզ թվում է, որ պետության ղեկավարի ամենամեծ շնորհը՝ սիրված լինե՛լն է, կոնֆետ լինելը, սելֆի ու ստորագրություն բաշխելը, ուրեմն չե՛ք կարող իմաստավորել այն աթոռը, որն զբաղեցնում եք: Իշխանության արժեքային ընկալումները շատ մակերեսային են, եթե չասեմ՝ խեղված: Ցինիզմի այն դոզան, որ ուսապարկերն ու նրանց սպասարկող հարճերը աջուձախ բաշխում են, միայն ու միայն արժեքային սնանկության մասին է խոսում:

Մի քանի շաբաթ առաջ, երբ արտասահմանյան ռեբրենդինգ անցած մի ուսապարկի հարց ուղղեցին, թե ի՞նչ է լինելու մեր ռազմագերիների հետ, երբ ադրբեջանցիները խոշտանգում են նրանց ու վիդեոներ գցում համացանց, ասել էր՝ հո մենք ադրբեջանցի չե՞նք, որ իրենց ձևով պահենք մեզ, ինչու դուք չգիտե՞ք՝ ով է ադրբեջանցին, ե՞ս ձեզ պիտի սովորեցնեմ: Դե ե՛կ, վարդապետ, ու մի խենթանա: Փաշինյա՛ն, հիմա Աշխարհաբեկին այդպես նսեմացնելով ու նկարահանելով՝ ի՞նչ փոխվեց ձե՛ր կյանքում, մե՛ր կյանքում, հայրենիքին իր կյանքը տված այս մարդու՛ կյանքում: Դուք չգիտե՞ք, որ ինչ ցանեք, այն էլ հնձելու եք: Եթե 4-5 տարի շարունակ սերմանել եք ատելություն, հայհոյանքը դարձրել արժեքային կողմնորոշիչ, մարդկանց թաղել եք ողջ-ողջ, երեխաներին ծաղրել, հայհոյել, անիծել: Մենակ չասե՛ք՝ Դուք չեք արել կամ չեք ասել: Այդ ամենը եղել է Ձեր աչքի տակ, ձեր թույլտվությամբ ու օրհնությամբ: Այդ չարությունը հիմա դուրս է գալիս Ձե՛ր իսկ դեմ և հիմա թարս խիյարի հերթը ձե՛րն է: Հայհոյանք եք լսել, իրավապահներին հրահանգում եք վարվել թրքաբարո և դա անում եք հրապարակայնորեն, այսինքն ուզում եք ցույց տալ, թե իբր ուժեղ եք, ձեր դեմ խաղ չկա:

Ձեր դեմ, իրականում, խաղ կա՝ շա՜տ պարզ պատճառով՝ բռնությունը խրախուսելու և այն հանրայնացնելու մեթոդը, որը ձեզ շա՜տ հոգեհարազատ է ու հոգեկերտվածքին համապատասխան, վախկոտների՛ն է բնորոշ: Ուժեղ ղեկավարը՝ ինքնահաստատման ա՛յլ ձև ու վայր կգտնի, համենայնդեպս՝ ո՛չ իր քաղաքացու վրա, ո՛չ կյանքից հարված ստացած ու անտուն մնացած մարդու վրա, ո՛չ ձեր իսկ տապալած երկրում ապրող քաղաքացու վրա: Ինքնահաստատման ա՛յլ հասցեներ կան՝ առաջինը՝ Բաքու, որտեղի բանտերում ունենք դեռ 200 ռազմագերի, որի հսկողության տակ անցած անտառներում դեռ հազարավոր անհետ կորած տղերք ունենք:

Այնքան սիրողակա՛ն է ձեր ամեն ինչը՝ ելույթից մինչև այն մեկնաբանող ուսապարկերի պահվածքը, ագիտպրոպի գործածած հնարքները, քաղաքականապես՝ տհաս և թութակի պես ձեզ արդարացնողների կեցվածքը, որ ամեն ինչի հետևից ընկնում եք, բացի բուն խնդրից: Ռազմագերիների, սահմանների, կորսված հայրենիքի, անվտանգության հարցերը թողած, ընկել եք ինչ-որ ԵԽԽՎ-ում ռուսների  քվեարկությունը դրոշ դարձնելու հետևից, առիթից օգտվելու և հերթական հակառուսական դեմարշն անելու հետևից: Ռուսները, այո, իրենց սխալ պահեցին և դա պիտի ասվի՛ իրենց…կլինի ռուս, թե մեկ այլ ազգի ներկայացուցիչ՝ պիտի հստակ ասվի իրենց, որ այդպես քվեարկելով՝ հայ ժողովրդի զգացմունքներն ու ակնկալիքնե՛րն են պղտորում, ոչ թե վրեժ են լուծում Իմ քայլը կոչվող ընկեցիկ իշխանությունից, որի ներկայացուցիչն էլ անցած տարի իբր սխալ էր քվեարկել ռուսների դեմ: Բայց այդքանն ասելու համար՝ պիտի կշի՛ռ ունենաս, հարգանք վայելես: Եթե ռուսը տեսներ, որ Հայաստանի իշխանությունը մի ծպտուն հանեց, իրեն պատեպատ խփեց, բարձր գոռաց, գործ արեց, դեսպաններին հավաքեց ու ամեն ինչ արեց, որպեսզի հայ զոհված տղերքի սաղավարտներով պուրակ սարքած Ալիևի պորտը տե՛ղը դնի ու պահանջի քանդե՛լ այդ պուրակը, ուզում է ռուսը լինի կամ մոզամբիկցին՝ կհարգի՛ քեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել