168.am-ը գրում է.

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ 2020 թվականին մշակած  անվտանգության  ռազմավարությունը, ընդհանուր առմամբ,  փորձություններ է անցել։

«Հետպատերազմյան շրջանում շատ բան է  փոխվել, բայց շատ բաներ էլ նույնն է, ռազմավարությունը շարունակում է  ակտուալ մնալ։ Սակայն պետք է հասկանալ, որ դրա քննարկումը հնարավոր է միայն ընտրություններից հետո, որովհետև այս պահին, եթե կանխատեսվում են ընտրություններ, ապա նոր ռազմավարություն մշակելը նպատակահարմար չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը։

Թե ինչ նպատակով էր այսօր հանդիպել «Իմ քայլը» խմբակցության հետ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը պարբերաբար անվտանգության հարցերի գնահատումներ է իրականացնում։ Վերջերս պատրաստել են մի համապարփակ զեկույց կրիտիկական ենթակառուցվածքների մասին, որն ունի անվտանգության բաղադրիչ, և հենց այդ  մասին էր իշխանական պատգամավորների հետ կազմակերպված հանդիպումը:

Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղարի  այն հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է շտկումներ մտցվեն, Արմեն Գրիգորյանն ասաց, թե այդ  հարցին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է, ինքն ավելացնելու բան չունի։

«Միայն կարող եմ ասել, որ այդ խոսակցությունները՝ իմ այդ հայտարարության վերաբերյալ, շահարկումներ են, անիմաստ ու անտեղի շահարկումներ, իրականությունից կտրված։ Արտադրվում է ֆեյք նյուզ տարածքում, բերվում է մեդիադաշտ»,- նշեց նա։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը և դրանից հետո երկրի անվտանգությանը, Արմեն Գրիգորյանը նկատեց՝ ճանապարհների ապաշրջափակման հարցերը դեռ քննարկման փուլում են։

«Առարկայական որևէ բան այս պահին դեռ չկա, երբ առարկայական լինի, բնականաբար, այդ քննարկումների ընթացքում անվտանգության հարցերն առաջնային են լինելու։ Կարելի է ասել, որ մեզ համար ամենաառաջնային խնդիրն անվտանգությունն է, և հետո՝ մնացած հարցերը։ Նույնիսկ, եթե քննարկում ենք տնտեսական հարցեր, անվտանգության հարցերը միանշանակ օրակարգում են»,- հավելեց նա։

Արմեն Գրիգորյանը խոսեց նաև Գլխավոր Շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ Անվտանգության խորհրդի նիստի հայտնի փաստաթղթերի  հրապարակման մասին, նշելով, թե դրանց հրապարակումից հետո շատ հարցեր ստացան իրենց պատասխանները։

«Կրկին մի որոշ խմբակ կարող է շարունակել ասել՝ դա հարցերի պատասխանը չի տվել, և ես խորհուրդ եմ տալիս՝ մեր հրապարակումները առանձին չկարդալ, այլ բացել Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, հայտարարության բոլոր տողերը կարդալուց հետո, բացել մեր գաղտնազերծված հատվածները։ Օրինակ, երբ նա ասում է, որ հունիսի 8-ին նշանակվելուց հետո Անվտանգության խորհրդին է ներկայացրել  ռազմաքաղաքական-տարածաշրջանային իրավիճակը։ Բացում ենք Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի, և հասկանում ենք, որ սուտ է ասում, կամ երբ ասում է, թե հայտարարել է, որ պատերազմը 2-3 օրում կանգնեցնեն։ Գեներեալ-լեյտենանտը, որն ասում է՝ 2-3 օրում պատերազմը կանգնեցնեն, չէր կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք։ Վարչապետն ասել է, որ ինքը պատերազմի ընթացքում 100 տոկոսով վստահել է Օնիկ Գասպարյանին, պատերազմի ընթացքում որևէ խնդիր չի առաջացել, բոլոր խնդիրներն առաջացել են հետպատերազմյան շրջանում՝ նոյեմբերի 17-ից սկսած»,- ընդգծեց նա։

Արմեն Գրիգորյանը նաև շեշտեց՝  Անվտանգության խորհրդի նիստում Օնիկ Գասպարյանի ու այլոց երկխոսության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը ոչ թե Օնիկ Գասպարյանի համար է, այլ հանրության, որպեսզի նա ստանա իր հարցերի պատասխանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել