Hraparak.am-ը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանը հապճեպ եւ անսպասելի այցով մեկնեց Սյունիք։ Նա Կապան է հասնել կեսգիշերին մոտ, երբ արդեն մութն ընկել էր։ Իմքայլականները վերջին շրջանում Սյունիք գիշերային այցեր են անում, որ խնդիրներ չունենան զայրացած սյունեցիների հետ շփումների ժամանակ։ Եվ Փաշինյանի գիշերային այցն էլ այդ շարքից էր։ Բայց Սյունիքում այս այցը նոր տագնապների տեղիք էր տվել՝ մարդիկ անհանգիստ զանգահարում էին միմյանց, քննարկում այս անսպասելի այցի պատճառները։ 

Մեզ Սյունիքից ասացին, որ մի քանի վարկած է շրջանառվում այս գաղտնի այցի հետ կապված՝ կա՛մ Փաշինյանը գիշերը սահմանին հանդիպելու է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ եւ քննարկելու է Մեղրիի հարցը, կա՛մ էլ եկել է, որ մի քանի սելֆի անի, հանդիպումների իմիտացիա ստեղծի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացնի՝ իբրեւ թե Սյունիքի հետ կապված պետական ծրագրեր է մշակում, եւ այնպես, ինչպես գաղտագողի եկել է, նույնկերպ էլ մարզից փախուստի դիմի։ 

Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը երեկոյան ժամը 8-ին մոտ տեղյակ չէր, որ վարչապետն իրենց մարզ է գնում։ «Ես տեղյակ չեմ էլ, որ գալիս է։ Բա ինչո՞ւ գաղտնի, բա վարչապետը գաղտնի՞ կգա»,- ասաց նա։ Հարցրինք՝ Փաշինյանը կարո՞ղ է Շուռնուխ մտնել, համայնքի բնակիչները ցանկանո՞ւմ են հանդիպել երկրի ղեկավարի հետ։

«Չգիտեմ, ամեն դեպքում նախագահն այցելեց մեր գյուղ, հանդիպեց ժողովրդի հետ, իսկ վարչապետի ծրագրերից տեղյակ չեմ։ Հիմա արդեն կարելի է այսպես էլ ասել՝այո, թող գա, ինքն իր աչքով տեսնի՝ ինչ է կատարվում էստեղ, որպեսզի հեռակա պատկերացումներ չկազմի Շուռնուխի անվտանգության վերաբերյալ, որ չասի՝ անվտանգ է, կա՛մ ըսենց, կա՛մ ընենց։ Տների կառուցման աշխատանքները, որ հունվարի վերջից սկսվել է, պիտի իբրեւ ապրիլ ամսից արդեն հիմքեր փորվեին, դեռ հողային աշխատանքներ են կատարվում, չգիտեմ՝ ինչ են անում։ Այո, իհարկե, ուշանում են աշխատանքները՝ ըստ նախնական տվյալների, թե ոնց պիտի լիներ»,- ասաց Արշակյանը։

Հետաքրքիր զուգադիպությամբ, մի քանի օր է՝ Սյունիքում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ նախորդ օրը Սյունիք է մեկնել նաեւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա Սիսիանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել, հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով եւ ներկայացրել «ԱՄՆ կողմից պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, եւ թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման եւ նույնականացման գործընթացում»։ Սիսիանի համայնքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից իմացանք նաեւ, որ դեսպանը «հետաքրքրվել է նաեւ Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե՞ վերադառնալու նպատակ ունեն»: Սյունիքում կարծում են, որ բոլորովին պատահական չէ, որ Սյունիքում միաժամանակ հայտնվեցին ՀՀ ղեկավարներն ու ԱՄՆ դեսպանը, նրանք վատ կանխազգացումներ ունեն իրենց մարզի նկատմամբ այս անսպասելի հետաքրքրության հետ կապված։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել