«Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Սոցիալական ոլորտում նախկին նախարար Զարուհի Բաթոյանի ձեռնարկած, Մեսրոպ Առաքելյանի ձեռամբ շարունակվող բարեփոխումների շղարշով իրականացվող գործընթացի հետևանքով մոտ 300 քաղաքացի գործազուրկ է դառնում:

Նշենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունների արդյունքում նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է համակարգում գործող չորս կառույցներ, այդ թվում` Զբաղվածության պետական գործակալությունը՝ իր բոլոր տարածքային կենտրոններով: Այս տարվա փետրվարի 26-ի որոշմամբ՝ ապրիլի 1-ից գործակալությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է, որն էլ հիմք է քաղաքացիական ծառայողներին պաշտոններից ազատման համար:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգել Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցները: Կենտրոնի աշխատակից Հերմինե Գևորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կենտրոնի 11 հաստիքից Միասնական սոցիալական ծառայության հաստիքացուցակում ընդգրկված են զբաղվածության բնագավառի Մ3 2 ավագ մասնագետ և Մ4 1 մասնագետ: Վանաձորի զբաղվածության կենտրոնում և սոցիալական աջակցության կենտրոնում, միասին վերցրած, աշխատում էին 35 մասնագետներ, այժմ նոր հաստիքացուցակով նրանցից կաշխատեն միայն 15-ը, այսինքն՝ կկրճատվի 20 աշխատող, բայց սա միայն Վանաձորում:

Պարզվում է՝ բարեփոխումներ անելու անվան տակ, Սոցապ նախարարության ակտիվ ջանքերի շնորհիվ, խախտվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց իրավունքները, այն է՝ ընդհատվում է նրանց աշխատանքային ստաժը, զրոյանում է աշխատանքային ստաժով պայմանավորված աշխատավարձի բնականոն աճի հաշվին գոյացած աշխատավարձի մասը, և կորցնում են իրենց արձակուրդները: Այլ կերպ ասած` նրանց ողջ անցյալը զրոյացվում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել