«Սփյուռքի գլխավոր հանձնա­կատար Զարեհ Ջոն Սինանյանը երեկ կրկին Ռուսաստան է մեկնել: Ըստ կառավարության ապրի­լի 16-ի որոշման՝ նա և հանձնա­կատարի գրասենյակի ռազմավա­րությունների մշակման բաժնի պետը ապրիլի 19-23-ը գործուղվել են ՌԴ, ճանապարհածախսի, գիշերակա­ցի, օրապահիկի և հուշանվերների ձեռքբերման ծախսերն էլ կատարվել են ՀՀ բյուջեով վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցներից:

Ապրիլի 19-21-ը նրանք լինելու են Ռոստովում՝ հայ երիտասարդնե­րի միության հրավերով, իսկ 21-23-ը ներառյալ՝ Մոսկվայում, որտեղ Սինանյանը կհանդիպի նույն՝ «Հայ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ, որոնց հանդիպել էր դեռ մարտի 4-ին: Ինչպես հաղորդում են մոսկովյան աղբյուրները, հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին՝ «Ռենեսանս Մոնարխ» ռեստորանում:

Հայ իրավաբանների ասոցիացան, որի ղեկավարն Արա Աբրահամյա­նի ղեկավարած Ռուսաստանի հա­յերի միությունից հեռացած Շահեն Պետրոսյանն է, նիկոլականների հենարան ՀԿ-ն է համարվում: Այն միակ հասարակական կազմակերպությունն է, որի անդամներին ապրիլի 8-ին այցելել էր նաև Փաշինյանը: Մյուս մեր հայրենակիցներին, որոնք հարցեր ունեին վարչապետին ուղղե­լու, ոստիկանները ներս չէին թողել և անգամ բերման էին ենթարկել:

Հավանաբար, ՀՀ ներկայիս վերնախավը ընտրություններից առաջ հավատարիմ, քաղաքական առումով հուսալի կառույցներ է ուզում ունենալ ՌԴ-ում և տպավո­րություն ստեղծել, որ Փաշինյանն ու նրա թիմն այնքան էլ ատելի չեն այնտեղի հայության համար, ինչպես կարող է թվալ հեռվից: Սակայն փորձը վկայում է, որ Հայ իրավա­բանների ասոցիացիան այնքան էլ հուսալի չէ Փաշինյանի համար: Իրավաբաններից հայտնվել էին մարդիկ, որոնք թաքուն ձայնագրել ու համացանցով տարածել էին Շա­հեն Պետրոսյանի խմբային «չաթում» հրապարակված հրահանգները՝ Փաշինյանին չքննադատելու և հարցերով ու ելույթներով նրա համար բարյացակամ մթնոլորտ ստեղծե­լու մասին, ապա նաև մի հատված՝ տեսագրություն բուն քննարկումից, որտեղ Փաշինյանն «անկեղծանում» է:

Սույն «զապիսում» Փաշինյանն ասում է, որ Արցախի ստատուս քվոն պահպանվել է այնքան ժա­մանակ, որքան դա ցանկացել է Ռուսաստանը: Սա նշանակում է խոստովանել, որ Արցախը հանձնել է Ռուսաստանի շահերից ելնելով և Ռուսաստանի ցանկությամբ: Այդ նույն ձայնագրության մեջ ՀՀ վարչա­պետն այլ սկանդալային հայտարա­րություն է անում՝ ասելով, որ պետք է ապաշրջափակել Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոմունիկացիաները և բացել սահմանները:

Գլխավոր հանձնակատարի այցն ինքնին արտառոց չէ: Նա կարող է ամեն շաբաթ-կիրակի Մոսկվա թռչել և հասարակական կամ անձնական հանդիպումներ ունենալ, տեսնել նրան, ում ցանկանում է: Սինանյանի ներկայությունը կամ բացակա­յությունը ո՛չ Հայաստանի, ո՛չ սփյուռքի համար ոչինչ չի փոխում: Բայց ինչո՞ւ դա անել պետական բյուջեի միջոցնե­րի հաշվին:

Նիկոլ Փաշինյանի մամուլի քար­տուղար Մանե Գևորգյանին և Զա­րեհ Սինանյանի խոսնակ Ամալյա Կա­րապետյանին նույն հարցն ուղղեցինք. Սինանյանին ինչո՞ւ է անհրաժեշտ այդքան հաճախ գործուղվել Մոսկվա՝ նույն կազմակերպությունների հետ հանդիպման, և արդյոք դա պետա­կան միջոցների վատնում չէ: Մանե Գևորգյանը չպատասխանեց, իսկ Ամալյա Կարապետյանը կարծում է, որ գործուղումները պետության միջոցների վատնում չեն, քանի որ «Ռուսաստանում է գտնվում հայերի ամենաբազմաշերտ, ամենասփռված համայնքը, որի հետ աշխատանքը շատ կարևոր է, և մյուս կողմից՝ նաև համայնքը հետաքրքրություն ունի աշխատելու գլխավոր հանձնա­կատարի գրասենյակի հետ: Դա են փաստում հրավերները»: Նա ասաց, որ Զարեհ Սինանյանն առաջին անգամ է գնում Ռոստով: Հարցին, թե ինչու է նորից իրավաբանների հետ հանդիպում, պատասխանեց, որ ոչ միայն իրավաբանների ասոցիացիայի հետ է հանդիպելու, այլև բժիշկների ասոցիացիայի և անհատների: «Եղել է հրավեր, որ հայ իրավաբանների ասոցիացիան մեծ համաժողով է անցկացնում և ուրախ կլինի տեսնել գլխավոր հանձնակատարին՝ որպես պետության ներկայացուցչի, այդ համաժողովին»: Ըստ խոսնակի՝ հանձնակատարի գլխավոր նպատա­կը սփյուռքի մասնագիտական նե­րուժի համախմբումն է Հայաստանի կարիքների համար:

Թե որ հյուրանոցում է մնալու Մոսկվայում Զարեհ Սինանյանը, խոսնակը չգիտեր, խորհուրդ տվեց դիմել կառավարություն: Հիշեցնենք, որ մարտյան այցի օրերին Զարեհ Սինանյանը Մոսկվայում գիշերել էր Նիկոլսկի փողոցում գտնվող թանկարժեք հյուրանոցում, որտեղ գիշերավարձը 25 հազար ռուբլի է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել