News.am-ը գրում է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է հայ ռազմագերիների փաստը, ուրեմն ճնշում գործադրեք, որպեսզի ՄԻԵԴ-ի որոշումը կատարվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20–ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ դիմելով եվրոպացի գործընկերներին, հայտարարել է ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը նշել է, որ  2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական զինված ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կոպտորեն ոտնահարվել են տասնյակ հազարավոր խաղաղ հայ բնակիչների կյանքի, առողջության, սեփականության եւ կենսական կարեւորություն ունեցող այլ իրավունքներ:

«Իրականացվել են պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, արձանագրվել են ազգությամբ հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի բազում դեպքեր՝ գլխատումներ, սպանություններ, եւ այլն, զանգվածային կերպով ավերվել են խաղաղ բնակավայրեր: Եվ այս ամենի նպատակը էթնիկ զտումներն ու ցեղասպանությունն էին: Այն, ինչ կատարվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից 44 օր շարունակ Արցախի Հանրապետությունում, դա մի խայտառակություն է հայ ժողովրդի, նաեւ՝ համաշխարհային արժեքների նկատմամբ, որն ուղղակի չի կարելի նկարագրել: Օրը ցերեկով Եվրոպայի Խորհրդի անդամ մի պետությունը մյուս անդամ պետության նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն տեխնոլոգիական ձեւով:

5000-ից ավելի զոհվածներ, 10 000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ, անհետ կորածներ, ցավոք, նաեւ գերիներ, որոնք, ըստ էության, պատանդ են»,– ասել է նա։

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամը հիշեցրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է համապատասխան հայտարարություն՝ «բոլորը բոլորի» դիմաց փոխանակելու համար եւ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին։

«Այժմ հարկն է, որ Ադրբեջանը վերադարձնի հայ ռազմագերիներին։ Եվ ի՞նչ. մեր ավելի քան 200 գերիները որտե՞ղ են, ո՞նց են: Գերիների մի մասը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում: Հիմա, հարգելի՛ գործընկերներ, ես Ձեզ հարց եմ տալիս. եթե այդ ռազմագերիները լինեին գերմանացի կամ ֆրանսիացի, դուք ինչպե՞ս կարձագանքեիք»,– ասել է Մելքումյանը։

ԲՀԿ–ական պատգամավորն ընդգծել է, որ անգամ պատերազմի օրերին հեռավար լիագումար նիստի ընթացքում ինքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական կոմիսար Դունյա Միատովիչին՝ հրավիրելով նրան Հայաստան, նաեւ՝ Արցախ, սակայն վերջինը մերժել է՝ պատճառաբանելով, որ դա իր լիազորությունների մեջ չէ:

«Հիմա, երբ մարդկանց սպանում կամ գերեվարում են, դա ու՞մ լիազորությունների մեջ է: Այսպես գրեթե անհնար է աշխատել:

Արդարությունը պետք է հաղթանակի: Բոլորը հասկանում են, որ այս ագրեսիայից հետո վերջակետ չի դրվել, այլ դրվել է ստորակետ, եւ ոչ մի երաշխիք չկա, որ ամեն ինչ ավելի վատ սցենարով կարող է կրկնվել։ Դրա վկայություններից է նաեւ Հայաստանի տարբեր սահմանային տարածքների նկատմամբ ադրբեջանցիների անթաքույց հավակնությունների ցուցադրումը։ Այս փուլում դա հատկապես վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին։

Գոնե ԵԽԽՎ-ն կարո՞ղ է համարժեք իրավական եւ քաղաքական գնահատական տալ երեւույթներին: Ցավոք, հաճախ ժամանակին գնահատականներ չտալը խորացնում է խնդիրը, համարյա դրա լուծումը դարձնում անհնարին:

Ուրեմն մի՛ խորացրեք առանց այդ էլ շատ եւ շատ խորացված պրոբլեմը:

Եղե՛ք զգոն, եւ շանս կունենանք շարժվելու առաջ: Ալի՛եւ, վերադարձրու մեր ռազմագերիներին: Դու նրանց պահելու իրավունք չունես»,– հայտարարել է Միքայել Մելքումյանը։

Հայ պատգամավորն ընդգծել է, որ հիմա հարյուրավոր ռազմագերիների ծնողներ լսում են իրենց,  եւ Եվրոպան պետք է արագ միջամտի հարցի լուծմանը:

«Մենք պետք է հստակեցնենք՝ ի՞նչ ենք ցանկանում եւ ի՞նչ ենք կարող։ Ալիեւի նկատմամբ պետք է ճնշում գործադրել։ Իսկ դուք, Ադրբեջանի պավիրակության անդամներ,  Ջաֆարով եւ Հուսեյնով, դուք պետք է պարզեք՝ ովքե՞ր եք դուք։ Դուք  ագրեսոր երկրի, թե՞ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի   ներկայացուցիչներ եք»,– հավելել է ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել