168.am-ը գրում է․

«Հերթական անհեթեթություններից էր, ինչի ականատեսը մենք դառնում ենք արդեն 3 տարի: Նախ՝ իրավական գնահատականի տեսանկյունից Բորիս Ավագյանի իրավունքները կոպտորեն խախտվել են, և եթե նա կամենա, իրավական եղանակով իր իրավունքները պաշտպանելիս հաջողության կհասնի»,- 168.am «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԻՊԾ փոխնախարար Բորիս Ավագյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարություններից հետո աշխատանքից ազատելու ոդիսականին:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական տեսանկյունին, Գոհար Մելոյանը նշեց, որ լիովին կիսում է հարցի քաղաքական նկատառումները, որովհետև երբ մենք պատերազմից այսքան ժամանակ ունենք այսքան չլուծված հարցեր, գերիներ, և ունենք դաշնակից, ով մեզ հետ հավասար փորձում է լուծել մեր խնդիրները, վերջինիս հասցեին լուտանքներն ու հասցեական թիրախավորումները չեն կարող չանհանգստացնել:

«Իշխանությունները հերթական անգամ գերիների հարազատներին անհիմն դրեցին հուզական վիճակում, և փոխանակ ներողություն խնդրեն, սկսում են ռուսական կողմին, ի դեմս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի, մեղադրանքներ հնչեցնել: Բնականաբար, այս հայտարարությունները բացասական ազդեցություն և հետևանք են ունենում խաղաղապահների հետ մեր հայրենակիցների փոխադարձ աշխատանքի ու հարաբերությունների վրա»,- ասաց սահմանադրագետը:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ այս իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նպատակ ունեն թիրախավորել ՌԴ-ին, որովհետև տեսանելի է, թե ինչպես են կոնկրետ ուժերի կազմից հակառուսական տրամադրություններ հրահրվում:

«Ի դեմս իշխող ուժի՝ տասնյակ հնարավորություններ քամուն են տրվել գերիների վերադարձն ապահովելու ու այս հարցը փակելու համար, մինչդեռ այն պետք է օրակարգային առաջնահերթություն լիներ իշխող ուժի համար: Մենք արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ այս իշխող ուժը դիտավորությամբ չի ապահովում գերիների վերադարձը, որպեսզի այն շահարկման թեմա դառնա, որովհետև մենք բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են փորձում գերիների հարազատների հուզական ֆոնը շահարկել ու նրանց տրամադրել ընդդիմադիր ուժերի դեմ՝ նշելով, որ իրենք հաջողության չեն հասնում, որովհետև ընդդիմադիրները որոշակի գործողություններ են իրականացնում»,- ասաց Գոհար Մելոյանը:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում միայն ռեյտինգային ընտրակարգը փակ համամասնականով փոխելու հանգամանքին, սահմանադրագետն ասաց, որ Ընտրական օրենսգրքի հսկայածավալ փաթեթից իշխանությունները միայն համամասնական ընտրակարգի ռեյտինգային տեսակը հանեցին՝ փոխարենը ներդնելով փակ համամասնական ընտրակարգը:

«Չնվազեցրեցին անցողիկ շեմը, որևէ մեխանիզմ չներմուծեցին, որը կնվազեցներ վարչական լծակների գործադրումը ընտրական գործընթացի ժամանակ, գրավի չափը չնվազեցրին: Որևէ փոփոխություն այս փաթեթում չներառեցին»,- ասաց Գոհար Մելոյանը:

Նա նշեց, որ երբ լսում ես իշխող ուժի ներկայացուցիչների ելույթները, ակնհայտ է դառնում, որ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ բան է ռեյտինգային ընտրակարգը, այլ զուտ հրահանգավորված խոսում են «հրեշավոր» այդ ընտրակարգի մասին՝ «պետք է»-ի շրջանակներում:

«Պատահական չէր, որ մասնագետները մեր երկրի համար հարմար էին համարել ռեյտինգային ընտրակարգը: Այն երաշխավորում էր մարզային ներկայացվածության ապահովումը: Յուրաքանչյուր մարզի բնակիչը հնարավորություն էր ունենում իր տարածքից ԱԺ-ում ներկայացուցիչ ունենալ, ով օրենսդիր մարմնում կբարձրաձայներ իր խնդիրները: Այժմ մարզային քաղաքացին այդ հնարավորությունից զրկվում է, և ընդգծենք, որ հնարավոր է՝ նոր ընտրակարգի պայմաններում որոշ մարզեր ընդհանրապես ներկայացուցիչ չունենան: Վտանգ կա, որ ընտրությունները կդառնան զուտ երևանյան»,- ասաց Գոհար Մելոյանը:

Սահմանադրագետը նշեց, որ այն պարագայում, երբ կուսակցության ղեկավարը միանձնյա է որոշում, թե ով պետք է լինի նախընտրական ցուցակում, հնարավոր է իրավիճակ, երբ որևէ օլիգարխ իր ֆինանսական միջոցների հաշվին կարող է տվյալ կուսակցության ցուցակում առաջնային տեղ զբաղեցնել, այն դեպքում, երբ այդ ուժի համակիրների համար այդ անձը, հնարավոր է՝ ընդհանրապես ընդունելի չլինի:

«Սրանով Նիկոլ Փաշինյանն ապահովելու է իր մերձավոր ազգականների անձեռնմխելիությունը: Նա երաշխավորելու է իր մերձավորների անվտանգությունը»,- եզրափակեց Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել