News.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Արցախի երիտասարդ պետական ծառայողներին: Առաջնորդության դպրոցի 19 մասնակիցներին կոմիտեի ղեկավարը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները՝ շեշտադրելով հարկերի ինքնակամ վճարման խթանումը։ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև պարբերաբար կատարելագործվող ՊԵԿ ռազմավարական ծրագրին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեի նախագահն առանձնահատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ սերտ համագործակցությունը, որի շրջանակում էլեկտրոնային հարթակների ինտեգրման և սերվերային միջավայրի ներդրման աշխատանքներ են կատարվում։

Կոմիտեի աշխատանքն ամփոփող տեսանյութի դիտումից հետո ՊԵԿ նախագահը պատասխանել է Առաջնորդության դպրոցի մասնակիցների հարցերին։ Երիտասարդները ծանոթանացել են կոմիտեում ներդրված տվյալների շտեմարաններին ու ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգին։ Նրանց տպավորել են էլեկտրոնային ծառայությունները և բիզնես ոլորտին բնորոշ նախագծերի կառավարման մոդելի հաջող կիրառումը պետական մարմնում։

Պետական եկամուտների կոմիտե այցի ժամանակ անկաշկանդ մթնոլորտում ավագ և երիտասարդ գործընկերները համագործակցության առաջիկա ծրագրեր են գծել։ Կոմիտեից խոստացել են անհրաժեշտության դեպքում նաև աշխատակիցներ գործուղել Արցախի գործընկեր պետական կառույցներ՝ կոմիտեի փորձը տեղայնացնելիս մասնագիտական խորհուրդներով գործնականում աջակցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել