Armenpress.am-ը գրում է.

Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ստրասբուրգից հայտնում են հայկական պատվիրակության անդամները:

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին»,-նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը 93 պատվիրակ կողմ է քվեարկել, 21-ը՝ դեմ և 18-ը՝ ձեռնպահ:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական խմբերում արդեն սկսվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկումը:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել