Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը, որը նախկինում ձերբակալվել էր ԱԴԾ-ի կողմից՝ գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ, ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում ստիպված կլինի լքել Ռուսաստանի տարածքը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Պոկոտիլոն կանչվել է ՌԴ ԱԳՆ:

«Ռուսական կողմը մատնանշել է այս տեսակի գործունեության անթույլատրելիությունը, որն անհամատեղելի է հյուպատոսական աշխատակցի կարգավիճակի հետ եւ վնասում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերին: Հայտարարվել է, որ Ռուսաստանի տարածքում նրա մնալն անցանկալի է, եւ առաջարկվել է ապրիլի 19-ից 72 ժամվա ընթացքում լքել նրա սահմանները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի հայտարարության համաձայն, Ուկրաինայի հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում ռուսաստանցու հետ հանդիպման ժամանակ փորձել է գաղտնի բնույթի տեղեկատվություն ստանալ եւ ձերբակալվել է հանցանքի վայրում: Ձերբակալվածի գործունեությունը գնահատվել է որպես Ռուսաստանի նկատմամբ թշնամական եւ դիվանագետի կարգավիճակի հետ անհամատեղելի արարք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել