Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել, քան այսօր։ Վայոց Ձորի մարզի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով արդարադատության համակարգում տեղի ունեցող դեպքերին։

«Շատերն ասում են` բա ինչո՞ւ սա նստած չի, մյուսն էլ ազատության մեջ է։ Սակայն ավելի լավ է մեղավորը մնա ազատության մեջ, քան անմեղը բանտում հայտնվի։ Այսինքն` մեղավորին երբ էլ լինի, կարող ես նստեցնել, իսկ եթե անմեղին 5 տարի տանես–նստեցնես ու պարզվի անմեղ է` այդ 5 տարիներն այլևս չես վերադարձնի։ Այո, ոչ բոլոր մեղավորներն են բանտում, բայց ՀՀ բանտերում անմեղ մարդիկ էլ չկան»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` երրորդ հանրապետության պատմության մեջ միշտ ամենամեծ խնդիրն է եղել, որ տասնյակ, հարյուրավոր անմեղ մարդիկ բանտերում են հայտնվել ամենատարբեր պատճառներով։

Բացի այդ, նա հիշեցրեց, որ հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններ են լինելու , և ում իշխանությունը չի կարողացել դատել, ժողովուրդն իր քվեով կարող է դա անել։

Փաշինյանը նշեց նաև` անկախ դատական համակարգ կառուցելու փուլում են այժմ, և առաջինը հենց իրենք են տուժում դրա ձեռքից։

Հայտնել էինք, որ վարչապետ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Վայոց Ձոր է մեկնել։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել