Հարցազրույց Էդվարդ Նալբանդյանի հետ

 

Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը

 

Հարցազրույցը վարել է

Politique Internationale-ի խմբագրությունը

Politique Internationale – Հարցազրույցը կցանկանայի սկսել հետևյալ հարցով. ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում։  

Էդվարդ Նալբանդյան – Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ով է սկսել։ Ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և  2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ Ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ՝ վերջինի ժամանակ այն օգտագործել է վարձկանների, որոնք սերտորեն կապված են տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Դա հաստատվել է Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի, այլ մայրաքաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Եթե 1992-1994 թվականների պատերազմի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Բաքուն վայելում էր Անկարայի բարոյական ու ռազմական աջակցությունը, ապա չափազանցություն չի լինի նշել, որ Ադրբեջանի հետ միասին նոր պատերազմի նախաձեռնողը ու դրա անմիջական մասնակիցը Թուրքիան էր։

Այս 44-օրյա պատերազմը, որի ընթացքում օգտագործվեցին բոլոր տեսակի սպառազինությունները, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 27 տարի շարունակ գործող 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի կոպտագույն խախտում էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մշտապես հանդես են եկել դրանց անխափան իրականացման օգտին։

Պատերազմը հակամարտության կարգավորման ուղղությամբ Համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կոպտագույն խախտում էր։ Տարիներ շարունակ այս սկզբունքը ամրագրված էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող գրեթե բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում, որոնք ընդունվել էին համանախագահ երկրների կողմից՝ դեսպանների, արտգործնախարարների, նախագահների մակարդակներով։

Պատերազմը սանձազերծվեց կոպտորեն արհամարհելով 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից պանդեմիայի պայմաններում հայտարարված գլոբալ հրադադարի  կոչը, որը սատարել էին 170 երկրներ, ինչպես նաև խախտելով 2020թ.-ի հունիսի 1-ին ՄԱԿ ԱԽ կողմից միաձայն ընդունված 2532 բանաձևը։

Հետևաբար, այս պատերազմն ագրեսիա էր ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և հայ ժողովրդի դեմ, այլև ուղղակի մարտահրավեր էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ ուղղված համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դեմ։  

Բարձրացված հարցը, թե ո՞վ էր սանձազերծել նոր պատերազմը, անչափ կարևոր է, քանի որ այն նաև ներառում է հետևայլ համատեքստը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հազարավոր սպանված, վիրավոր, անհետ կորած մարդկանց, խեղված ճակատագրերի, աղետալի ավերածությունների, մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումների համար։ Այս հարցերի վրա աչք փակել չի կարելի, հատկապես, երբ դրանց համար պատասխանատվություն կրողները լկտի կերպով պարծենում են իրենց արարքների համար։  

Ինչպես ասել է Վոլտերը. «Պատերազմը դա հանցագործություն է, որի համար հաղթանակը մեղքերի թողություն չի տալիս»։ 

 

P.I. - Համանախագահները քիչ ջանքեր չէին գործադրում կանխարգելելու համար հակամարտության սրացումը։ Ինչո՞ւ այդ ջանքերը արդյունք չտվեցին։

Է.Ն. – Մի պարզ պատճառով։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժեց հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները։ Համանախագահները բազմիցս առաջարկել էին ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կողմից զինադադարի մշտադիտարկման  իրականացման կարողությունները, առաջարկել էին ստեղծել զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ և նույնիսկ մի քանի անգամ համաձայնություններ են ձեռք բերվել այս հարցերով։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին իրագործել դրանք։ Այնուամենայնիվ, հենց Ադրբեջանն էր մերժում այդ համաձայնությունները և բոլորին պարզ էր, որ դա անում էր փորձելով խուսափել զինադադարի խախտումների համար ուղղակի պատասխանատվություն կրելուց, թեև առանց այդ մեխանիզմի էլ պարզ էր, թե ով է խախտում զինադադարը, ինչպես այժմ էլ պարզ է, թե ով է սկսել պատերազմը։

 

P.I. – Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից։

Է.Ն. – Հնարավոր էր և անհրաժեշտ էր։

2018 թ. մայիսին, թողնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ես հանդես եկա հայտարարությամբ, որում կարևորեցի, որ պահպանվի, ամրագրվի ու առավել կատարելագործվի այն ամենն ինչ խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղաթյամբ մշակվել էր բանակցային գործընթացի ընթացում։

Ակնհայտ էր, որ դրանցից նահանջելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Այս կարծիքին էին նաև Մինսկի խմբի համանախագահները։

Մինչև 2018 թվականը Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով ուղղակի առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեն և հետևաբար Ադրբեջանը վախենում էր ուղղակի հակամարտության մեջ մտնել ողջ միջազգային հանրության հետ։ Ընդ որում, բազմիցս խախտելով զինանդադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայդ դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ավելին, Հայաստանը քանիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման նպատակով շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա։

2016 թ.-ի մարտին, գտնվելով Վաշինգտոնում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հրաժարվեց հանդիպել համանախագահներին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման և առաջարկությունների վերաբերյալ։

Ձախողվելով դիվանագիտական ճակատում,  2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։ Այն ժամանակ գրեթե ողջ միջազգային հանրությունը կոչ արեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացառություն կազմեց Թուրքիան, որը սատարեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։ Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված 1994-1995 թվականների եռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնագրերի կենսունակությունը կասկածի տակ դնելու Բաքվի ձեռնարկած փորձերին ի պատասխան, 2016-2018 թվականներին համանախագահ երկրները հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք պահանջում էին անշեղորեն իրականացնել դրանք։   

Այսպիսով, Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին։ Դրա վառ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի հարցով 2016թ.-ի մայիսի 16-ի Վիեննայի և 2016թ.-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, ինչպես նաև դրանց հետևած եռանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդների շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Համբուրգում և  2017թ.-ի դեկտմբերի 7-ին Վիեննայում արված հայտարարությունները։ Ընդ որում, Հայաստանն արտահայտել էր իր աջակցությունը համանախագահ երկրների մոտեցումներին։

 

P.I. – Ի՞նչ պատահեց 2018թ.-ի մայիսին Երևանում իշխանության փոփոխությունից հետո։

Է.Ն. – 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանի նոր ղեկավարության դիվանագիտական լուրջ սխալների, չմտածված հայտարարությունների և քայլերի պատճառով իրավիճակը փոխվեց ի վնաս Երևանի։ Հայկական կողմը հայտարարեց, որ որոշել է բանակցությունները սկսել իր «նոր կետից», ըստ էության հրաժարվելով բանակցային գործընթացի նախկին արդյունքներից՝ սակայն չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է գտնվում այդ «կետը» և ինչում է այդ մոտեցման էությունը։ Եթե նախորդ տարիների ընթացքում բազմիցս ընդգծվում էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումներին, ապա այժմ միջազգային հանրության աչքերում Երևանը ներկայանում էր, որպես բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ։ Հայաստանի նոր իշխանությունները ավելի հեռուն գնացին՝ սկսելով կասկածներ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդելով, որ պատերազմն անխուսափելի է։  

Բաքուն ստացավ այն, ինչ իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։  Թեև հենց Ադրբեջանն էր, որ առնվազն 2008-ից 2018 թվականներին մերժում էր համանախագահների կողմից արված բոլոր առաջարկները՝ ոչ միայն հիմնահարցի քաղաքական կարգավորման, այլև՝ փոխվստահության միջոցառումների կառուցման և զինադադարի ամրապնդման վերաբերյալ։ Ուստի, հենց Ադրբեջանն է գլխավորապես մեղավոր, որ հակամարտությունը չի կարգավորվել, ինչպես նաև, կրկնում եմ, 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ հրահրելու ու սանձազերծելու հարցում։

Երբ կողմերից մեկը պատրաստվում է պատերազմի, իսկ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Ադրբեջանը հենց դա էր անում, իսկ մյուս կողմը կարծում է, որ պատերազմն անխուսափելի է և չի անում այն ամենն ինչ անհրաժեշտ է ռազմական գործողությունները կանխելու համար, ապա պատերազմը դառնում է անխուսափելի։ Բայց նաև այդ դեպքում, երբ հակառակորդը գնում է ռազմական արկածախնդրության, կարելի է պատերազմը կանգնեցնել, եթե պատրաստ ես համապատասխան հակահարված տալ և եթե առկա է աներկբա աջակցություն և ըմբռնում դաշնակիցների ու միջազգային հանրության կողմից, որոնք կանեն այն ամենն ինչ հնարավոր է, որպեսզի կանգնեցնեն ռազմական գործողությունները։ Իրավիճակի նման զարգացման ականատեսն ենք եղել 2016 թվականին, երբ պատերազմը կանգնեցվեց երեք ու կես օր անց։

Իսկ նրանց, ովքեր այսօր նույնիսկ Երևանում պնդում են, թե միևնույնն է ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ շուրջ երեսուն տարի ձգվող բանակցությունների միջոցով հնարավոր էր մոտ ապագայում հասնել կարգավորման, ես կպատասխանեմ հայտնի ասացվածքով. «ավելի լավ է 40 տարի բանակցել, քան՝ 40 օր պատերազմել»։ Մանավանդ, երբ բանակցությունները գնում էին անհրաժեշտ ճանապարհով՝ հիմնված համանախագահների կառուցողական առաջարկների վրա։ Հայաստանը չէր վարում բանակցություններ հանուն բանակցությունների, այլ՝ ձգտում էր հասնել հանգուցալուծման և համանախագահների ու Հայաստանի մոտեցումները համահունչ էին դարձել։

 

P.I. – Ի՞նչ զարգացում է ապրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը 2008-2018 թվականների ընթացքում և ի՞նչ դիրքորոշում էին որդեգրել Հայաստանն ու Ադրբեջանը։

Է.Ն. – Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, որ հիմնահարցը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա միջազգային հանրությունը համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի Հանրապետության շուրթերով հայտարարում էր, որ հակամարտությունը կարգավորվելու է միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա, որոնք մեկ ամբողջականություն են կազմում։ Դրանք են՝ ուժի, կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Ընդ որում, համանախագահներն ընդգծում էին, որ այս սկզբունքներից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կխաթարեն խաղաղության գործընթացը։

Հանգուցալուծման երեք սկզբունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը, ընդգրկվել էին այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների» նախագիծում, որը եռանախագահ երկրները ներկայացրել էին 2007թ.-ի նոյեմբերին Մադրիդում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում։ Դրանք հայտնի դարձան Մադրիդյան փաստաթուղթ, կամ Մադրիդյան սկզբունքներ անվամբ։

Այդ սկզբունքները պաշտոնապես հնչեցվել են Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում, որոնք 2009-2013 թվականներին ընդունվել են Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում և կարևոր հիմք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

Հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, այդ երեք սկզբունքները, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքն, ընդգրկվել են եռանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ, որն ընդունվեց 2009թ.-ի դեկտեմբերին Աթենքում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում։ Այսինքն, երեք սկզբունքների, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքի տակ իր ստորագրությունը դրեց նաև Ադրբեջանը։ Թեև հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից, այնուամենայնիվ, համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում մինչև 2018 թվականը իրենց հայտարարություններում անընդհատ շեշտում էին հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա։

 

P.I. – Ինչպե՞ս էր Ադրբեջանը հետ կանգնում ձեռք բերված համաձայնություններից։

Է.Ն. – Մինչև 2008թ.-ի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված Մայենդորֆյան հռչակագիրը, Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ 2008թ.-ի դեկտեմբերից մինչև 2011թ.-ի հունիսի 24-ին Կազան քաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը կողմերը, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ ՄԽ համանխագահների միջնորդությամբ, բանակցություններ էին վարում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման ուղղությամբ։ Տեղի ունեցան նախագահների մակարդակով 12 երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան և եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև նախարարների մակարդակով շուրջ երեք տասնյակ հանդիպումներ։ Ամեն անգամ Ադրբեջանը հետ էր կանգնում ձեռք բերված համաձայնություններից։ Կիզակետ հանդիսացավ Կազանյան գագաթաժողովը, երբ ակնկալիքներին հակառակ, Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն իսկ համաձայնեցված տեքստից՝ առաջարկելով 12 փոփոխություններ։

Այն աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները կազմել էին 2007թ.-ի նոյեմբերից մինչև 2011թ.-ի հունիս հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների տեսքով, որը նպատակ էր հետապնդում դրանց համաձայնեցնելուց հետո, այդ հիմքի վրա մշակելու խաղաղության պայմանագիրը, որն իրավական պարտադիր ուժ կունենար, ի պահ տրվեցին Վիեննայում ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին։

Հայաստանը բազմիցս է ընդգծել, որ համապարփակ ու հարատև հանգուցալուծումը անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Եվ սա արտացոլված էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

 

P.I. – Այսպիսով բանակցային գործընթացը փակուղի մտավ...

Է.Ն. – Ամենևին՝ ոչ։ Թեև ադրբեջանական կողմը մերժում էր համանախագահների փաստորեն բոլոր առաջարկները, չի կարելի ասել, թե բանակցային գործընթացը փակուղում էր։ Ավելի շուտ Ադրբեջանն էր ինքն իրեն ավելի ու ավելի փակուղի մտցնում։

2011թ.-ից հետո էլ մինչև 2018թ.-ը շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները՝ տաս գագաթաժողով, ավելի քան երեք տասնյակ հանդիպում արտգործնախարարների մակարդակով, տասնյակ առանձին հանդիպումներ համանախագահ երկրների միջնորդ դեսպանների հետ։

2011-2013 թվականներին չնայած համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բազմաթիվ կոչերին՝ շարունակել, արագացնել, ավարտել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց եռանախագահների բոլոր առաջարկները՝ հայտարարելով, որ անօգուտ է համաձայնեցնել «Հիմնարար սկզբունքները» և առաջարկեց անցնել անմիջականորեն խաղաղության համաձայնագրի մշակմանը։

Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին, որ հնարավոր է մշակել համաձայնագիրը, այն պայմաններում, երբ դեռ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնարար սկզբունքները։

 

P.I. – Եվ ի՞նչ եղավ հետո։

Է.Ն. – 2014-2018 թվականներին Ռուսաստանը և համանախագահները շարունակեցին կարգավորման ուղիների որոնման ջանքերը բարձրաձայն մտորումների ձևաչափով։ «Հիմնարար սկզբունքների» նախագծից հետո, որը քննարկվել էր Կազանի գագաթաժողովում և որը աշխատանքային վերջին փաստաթղթի կարգավիճակով  ի պահ էր տրվել ԵԱՀԿ քարտուղարությունում, բանակցային սեղանին չի եղել մի փաստաթուղթ, որը կողմերի միջև բանակցային փաստաթուղթ հանդիսանար։ Պատահական չէ, որ Ռուսաստանի արտգործնախարարը քանիցս հայտարարել է, որ «որևէ փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ի պահ են տրվել ԵԱՀԿ քարտուղարությունում գոյություն չունի։ «Լավրովի փաստաթուղթ», կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ չկա... Ընթանում է որոնում, «մտավոր գրոհ»՝ գաղափարների մակարդակով», հայտարարել է Լավրովը։  

Բոլոր այդ գաղափարները, մշակումները, առաջարկները կողմերին փոխանցվել են «Non Paper»-ի տեսքով։ Դրանք բոլորը տարբերվում էին միայն ձևաչափով, բայց՝ ոչ բովանդակությամբ այն փաստաթղթից, որը քննարկվել էր 2011թ.-ին Կազանի գագաթաժողովում։ Օրինակ, այդ «Non Paper»-ների վերջին տարբերակներից մեկը ձևակերպված էր որպես մեկ ամբողջություն ներկայացնող, փոխկապակցված երեք փաստաթղթերի տեսքով՝ միասնաբար պահպանելով Կազանի փաստաթղթի սկզբունքորեն բոլոր տարրերը։ Այդ ստեղծարար մոտեցումը իրականություն դարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական տաղանդի շնորհիվ, որը նպատակաուղղված էր գտնելու փոխզիջումային տարբերակներ։ Այս մոտեցմանը սատարում էին մյուս երկու համանախագահները։ Բոլոր այդ մշակումներն իրենցից կուռ հիմք էին ներկայացնում, որում ամրագրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման համապարփակ մոտեցումը։ Ընդ որում, Երևանը հայտարարել էր, որ համանախագահների այս մոտեցումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը և որ հայկական կողմը պատրաստ է այս հիմքի վրա շարունակել բանակցությունները՝ հասնելու համար կարգավորմանը։ Սակայն, Բաքուն չընդունեց նաև այս առաջարկները...(1)

Փաստացի հրաժարվելով եռանախագահների բոլոր առաջարկներից, նախաձեռնություններից, պարբերաբար հետ քայլ կատարելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնություններից, Ադրբեջանը հիմնահարցի կարգավորման նկատմամբ իր մոտեցումներով հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև ողջ միջազգային հանրությանը։

Միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում էին նույն լեզվով. հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման վրա և նրա անվտանգության երաշխավորումը այլընտրանք չունեն։

 

P.I. – Որոշ աղբյուրների համաձայն, Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության ներքո՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն՝ ո՛չ կարգավիճակ, ո՛չ անվտանգության երաշխիքներ...

Է.Ն. – Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018 թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության։ Շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ի.Ալիևը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ։

 

P.I. – Ի՞նչ կոնկրետ դրույթներ էին առաջարկում համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

Է.Ն. – Համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։ Կրկնում եմ՝ բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։

 

  • Վերջնական իրավական կարգավիճակ։

 

Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Ընդ որում ընդգծվում էր, որ հարցի կամ հարցերի ձևակերպումները, որոնք կդրվեն քվեարկության, որևէ կերպ չեն սահմանափակվելու՝ նախատեսելով որևէ կարգավիճակի ընտրություն։ Որպես Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մասնակցելու էր քվեարկությանը, հասկացվում էին որևէ ազգության մարդիկ, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին՝ նույն համամասնությամբ, ինչ մինչև հակամարտության սկիզբը, ինչը արտացոլված էր վերջին մարդահամարի տվյալներում։ Այն ժամանակ հայերը կազմում էին բնակչության ավելի քան 76 տոկոսը։  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել