Armeniasputnik.am-ը գրում է.

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ բողոքի ակցիա է իրականացվել։ Ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ նախաձեռնել են ակցիաների շարք իրականացնել, որը մեկնարկել է Երևանից։ Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռնաշղթա ամրացրեցին ՄԱԿ–ի դարպասներին, որպեսզի նրանք չմոռանան հայ գերիների մասին։ Նրանց ձեռքին գերիների վերադարձի պահանջով ռուսերեն և անգլերեն գրվածքներով պաստառներ կային։

«Նման ակցիաներ կիրականացվեն Տորոնտոյում, Նյու Յորքում, Հյուսթոնում, Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Մոսկվայում, Վարշավայում, Մարսելում և այլ քաղաքներում։ Այս ցանկը դեռ ավելանալու է, և քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադառնում՝ մենք մշտապես քայլեր ենք անելու` միջազգային կառույցներից պահանջելով գործուն քայլեր իրականացնել»,–ասաց նա։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարություն են պատրաստել, որն ընթերցվելու է բոլոր երկրներում իրականացնող ակցիաների ժամանակ։ Դրա մեջ, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում մեր գերիներին, այլև խախտում է Ժնևի կոնվենցիայում ամրագրված` գերիների հետ վարվելու կանոնները։

«Կոչ ենք անում բոլոր պետությունների ղեկավարներին, միջազգային կառույցներին՝ պարտադրել Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատել հայ գերիներին»,–ասված է հայտարարության մեջ, որը նամակի տեսքով փոխանցվեց ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության աշխատակցին։

«Պահանջում ենք որքան հնարավոր է շուտ Ադրբեջանն ազատ արձակի մեր երեխաներին»,–ասաց գերիներից մեկի հայրը։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն, որտեղ նույնպես ընթերցեցին իրենց հայտարարության տեքստը։ Նրանք այդ հայտարարությունը դեսպանատանն ուղղված գրությունների համար նախատեսված արկղիկ նետեցին` ասելով, որ կսպասեն պատասխանի։

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին, որնց վերադարձրել է հայրենիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել