Hraparak.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը:

Քերոբյանի խոսքով` այս նախագիծն ուղղված է ուժեղ տնտեսության կայացմանը: 

«Այն կարգավորումները, որ ունենք այսօր, Հայաստանիի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, և, ըստ էության, խրախճանքի տասնօրյակ է Հայաստանում հայտարարվում»,-ասաց Քերոբյանը` նկատելով, որ այսօրվա պայմաններում մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ:

Նա նաև նշեց, որ այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, սակայն, նկատեց, որ սրանով քաղաքացին կարող է զրկվել իր հանգստյան օրերից, և ներկայացրեց որոշակի առարկություններ, այդ թվում` սխալ հանեց Քերոբյանի այն հաշվարկը, թե ՀՆԱ-ն 88 մլրդ դրամով կաճի այդ օրերը աշխատանքային համարելով` նկատելով, որ այդ օրերին, միևնույն է, տնտեսությունն աշխատում է, հակառակը` հանգստյան օրերին մարդիկ գնում են հանգստյան գոտիներ, ռեստորաններ և գումար են ծախսում, ուստի, մարդկանց զրկելով հանգստյան օրերից` ՀՆԱ-ի նվազում կունենանք, ոչ թե աճ:

Տեսնելով կարծիքների բախումը` Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այս թեման թողնել օրակարգում, որպեսզի հնարավորություն տալ հավելյալ քննարկել հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել