Armenpress.am-ը գրում է.

Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օվսաննա Միրխանյանի որդին՝ Սարգիս Միրախանյանը, տեղեկացրեց, որ մայրը 106 տարեկան էր:

«Նա բարդ վիրահատություններ էր տարել: Բացի այդ, բակում ընկնելու պատճառով չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Մենք 5 երեխա ենք: Մայրս 2 դուստր է ունեցել Սիրիայում. մահացել են»,-ասաց Սարգիս Միրախանյանը:

Արմավիրի մարզպետի մամուլի խոսնակ Հերմինե Վարդանյանի խոսքով՝ Օվսաննա Միրխանյանը վերջինն էր ցեղասպանությունը վերապրածներից, որը բնակվում էր Արմավիրի մարզում:

«Վերջին 1-2 տարվա ընթացքում Արմավիրի մարզի բնակավայրերում ցեղասպանությունից ողջ մնացած 4 բնակիչ ունեինք: Նախորդ տարվա տվյալներով՝ մարզում բնակվում էին ցեղասպանությունը վերապրած ու ողջ մնացած 2 հոգի, որոնցից մեկը՝ Օվսաննա Միրխանյանն էր: Ավելի վաղ՝ այս տարի, մահացել էր նաև Վարդանաշեն գյուղում բնակվող մյուս տատիկը՝ Եպրաքսի Գևորգյանը, որը նույնպես ցեղասպանությունը վերապրածներից էր»,-մանրամասնեց Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել