«Սևազգեստ կինը» կտավը Ռուբենսը պատկերել է 1620-ական թվականներին։ Ռուբենսը հիմնականում կանանց դիմանկարներ էր անում, որոնց համար բնորդուհի էր հանդես գալիս նկարչի կինը՝ Ելենա Ֆուրմանը։ Երբ Ռուբենսի կարիերան հասել էր իր գագաթնակետին, նա ստեղծեց «Սևազգեստ կինը»։

Կտավը, որում պատկերված է սև զգեստով և վերարկուով կին, չգիտես ինչու՝ ներառվել է այն ցանկում, որտեղ նշվում են Ռուբենսի արվեստանոցին պատկանող աշխատանքների անունները։ Իսկ դա նշանակում է, որ կտավն արել է ոչ թե անձամբ նկարիչը այլ նրա աշակերտներից մեկը՝ Ռուբենսի հսկողությամբ։ Նկարի հետևում գրառում է արված՝ «Բրաբանտյան կույս», որն, ամենայն հավանականությամբ, կտավի հերոսուհու անունն է։ Կտավի մանրամասներն ու գեղեցկությունը մշտապես հիացրել է կոլեկցիոներներին և արվեստը գնահատողներին։

Քանի որ հասկանալի չէր, թե ի վերջո ով է կտավի հեղինակը, այն մեծ հայտնիություն ձեռք չբերեց և մի քանի անգամ մի սեփականատիրոջից մյուսին փոխանցվեց։ Հայտնի է, որ մինչև 19-րդ դարի կեսերը դիմանկարը զարդարել է շոտլանդական պալատի պատերը, ապա այն վաճառել են հանրահայտ Christie աճուրդի ժամանակ, և կտավը տեղափոխվել է Լոնդոն։

1902 թ. Լոնդոնյան արքայական ակադեմիայի կոլեկցիոներները որոշեցին խորամանկության դիմել և աճուրդի ժամանակ նշեցին, որ դիմանկարն արել է անձամբ Ռուբենսը։ Էականորեն մեծացան կտավի վաճառքի շանսերը։ Դեպքից հետո կտավի մասին ոչինչ հայտնի չէր։ Մասնագետները կատարած ուսումնասիրություններից հետո պարզել են, որ 14 տարի շարունակ դիմանկարը կախված է եղել լոնդոնյան մի ընտանիքի բնակարանում և հատուկ ուշադրության չի արժանացել։

2007 թ. դիմանկարը 78,000 դոլարով գնեց մի կոլեկցիոներ՝ իմանալով հանդերձ, որ այն պատկանում է Ռուբենսի աշակերտի վրձնին։ Այնուամենայնիվ, նա կասկածում էր, որ կտավը կաող է Ռուբենսն արած լիներ։ Այդ պատճառով փորձաքննություն իրականացվեց, մաքրվեցին տարիների ընթացքում հավաքված կեղտի շերտերը մանրամասն ուսումնասիրություն կատարվեց և ի վերջո պարզ դարձավ, որ, իսկապես, կտավը պատկանել է անձամբ Ռուբենսի վրձնին։ Կտավի գինն անմիջապես մի քանի անգամ բարձրացավ, և այն վաճառվեց միլիոնավոր ֆունտերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել