168.am-ը գրում է․

Հայաստանում հավկիթի գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է: Նախկին 120 դրամի փոխարեն՝ այս պահին վաճառվում է 85 դրամով:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ ապրիլի 6-ից գնի նվազում է եղել, որը մինչև հիմա շարունակվում է, բայց դե ավելի՞ կնվազի գինը, թե՞ կբարձրանա՝ դժվարացավ ասել:

«Գինը ոչ ես եմ որոշում, ոչ էլ ես եմ կարգավորում: Դա կախված է շուկայից: Հավկիթի գնի բարձրացման պատճառներից մեկն այն է, որ արտաքին շուկայում անընդհատ թանկացում է գնում: Անկայուն գներ են՝ հատկապես կերի, բենզինի շուկայում: Այդպես է նաև դոլարի դեպքում: Տեսեք, դոլարը 540-ով վերցրել եմ, որ կեր առնեմ, միանգամից իջավ 530: Ինչպե՞ս կարելի է այսպես: Այսինքն, այսպես բիզնես անողը տուժում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:

«Եկեք մի բան ընդունենք. արտադրողը չի ձգտում գին թանկացնել, նա ձգտում է շատ արտադրել՝ ցածր գնով: Դա բիզնեսի հիմքն է, ոչ մի բիզնեսմեն չի ձգտի գին բարձրացնել, քանի որ ինչքան գինը բարձրացնում է, այնքան քիչ է վաճառվում ապրանքը: Ամեն 5 տոկոս գնի բարձացումն իր հետևից բերում է առևտրի նվազման: Մենք կեր չենք արտադրում, ներկրում ենք, իսկ անցած տարի գոնե Արցախից  19-20.000 տոննա հատիկախար (ֆուրաժ) էինք ներկրել, հիմա դա չկա, ու ստիպված դրսից ենք բերում»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է ձվի ներկրման հարցում խոչընդոտներին՝ նա նկատեց.

«Մինչև երեկ չէ առաջին օրը չէինք ներկրում: Արդեն 3 տարի է: Ինքնաբավ էր շուկան, ձգտել ենք տեղական արտադրությանը, բայց քանի որ ձուն  պակասել է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ խոշոր կազմակերպություններից մեկը ներկրել է մի քանի օր առաջ»:

Թռչնաֆաբրիկաների սեփականատերերը ևս թանկացումները  պատճառաբանում են նրանով, որ շուկայում ամեն ինչ թանկացել է:

Սա կապված է դոլարի փոխարժեքի բարձրացման հետ, իսկ  կերային բոլոր բաղադրիչները ներմուծվում են՝ եգիպտացորեն, գարի, վակցինացման միջոցներ: Այսինքն, հումքը, նյութերը, որոնք օգտագործվում են թռչնաբուծության մեջ, ամենը ներկրվում է:

Հավելենք, որ ապրիլի 12-ին Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախքան Զատիկը ձվի դեֆիցիտին՝ զերծ մնաց որևէ հայտարարություն անելուց, որպեսզի չխանգարի վարույթի նորմալ ընթացքին:

«Այս պահին միայն կարող եմ ասել՝ չկա տեղեկատվություն, որը մենք չենք հավաքագրում: Մանրամասն վերլուծության արդյունքում ՏՄՊՊՀ-ն իր ֆունկցիան կիրականացնի: Բայց ակնկալիքը պետք է լինի մեր լիազորությունների շրջանակում: Միայն վերահսկում ենք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը, ինչի հետ կապված էլ վարույթ ենք հարուցել դեռևս մարտ ամսվա վերջին՝ մինչև աղմուկը բարձրանալը: Զերծ կմնամ որևէ հայտարարություն անելուց, դատարանը կորոշի գործի ելքը»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել