168.am-ը գրում է․

Կառավարության 11 ներկայացուցիչ դիմում է ներկայացրել, որ դադարեցնի իր անդամակցությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Սա այս ամսվա մեջ արդեն երկրորդ հարվածն է Մայր բուհին: Ապրիլի 1-ին էլ կառավարության ներկայացուցիչների և 2 դասախոսների բացակայության պատճառով տապալվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր բուհի 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացվեր որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ: Արդյոք կապ կա՞ այս երկու դեպքերի միջև, և ի՞նչ նպատակ են հետապնդում: ԵՊՀ մամուլի խոսնակ, բուհի դասախոս Գևորգ Էմին-Տերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց.

«Բնականաբար, կապ կա, ինչպես նաև ցույց է տալիս Կառավարության քաղաքականությունը բուհերի հանդեպ, ցույց է տալիս, որ Կառավարությունը, Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ բուհերի ինքնավարությանը: Իրենք ժամանակ են ձգում, իրենց կարծիքով, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի, և դրանով բացարձակ գերիշխանություն ունենան բուհերի հանդեպ, մյուս կողմից էլ՝ խուսափում են պատասխանատվությունից և ժամանակ են ձգում՝ շարունակելով քաոսի և քանդման քաղաքականությունը: Բայց դա նախ օրենքի խախտում է, որովհետև, ըստ օրենքի, Հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է ներկայացնեն ոչ թե այն կազմակերպության կամ ուժի շահերը, որի կողմից իրենք գործուղվել են այդ խորհուրդ, այլ պետք է հանդես գան՝ որպես այն կազմակերպության շահերի պաշտպան, որի հոգաբարձուն են իրենք: Սա՝ մի կողմից, երկրորդ կողմից՝ մենք տեսնում ենք, որ, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ «ես զբաղված եմ եղել, դրա համար չեմ գնացել խորհրդի նախորդ նիստին», ԿԳՄՍՆ խոսնակն էլ ասել էր, որ իբրև թե նիստի տապալումը, երբ ոչ ոք չէր եկել, պատահաբար էր եղել, խորհրդի անդամները, հոգաբարձուներն իրենք են որոշում՝ ինչ նիստի մասնակցեն, հիմա այս դիմումները ցույց են տալիս, որ դա պարզ ստախոսություն է, մենք գործ ունենք շատ պրիմիտիվ ստախոսների հետ, հարցի բարոյական կողմն այն է, որ ստախոսները որոշում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի քաղաքականությունը, որը, կարծում եմ, ամոթալի է Հայաստանի համար»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն այս դիմումների հիման վրա, իհարկե, չի լուծարվի, կկարողանա նիստեր գումարել, բայց օրինակ՝ ռեկտորի ընտրություն չի կարողանա կազմակերպել, քանի որ ռեկտոր ընտրելու համար անհրաժեշտ է Խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելիի ձայները:

«Առաջին փուլով 2/3-ը պետք է կողմ քվեարկի ռեկտորի թեկնածուին, երկրորդ փուլով նոր պարզ մեծամասնություն է անհրաժեշտ, այսինքն, եթե այդպիսի հարցեր չդրվեն, ապա խորհուրդը կեսից ավելիով կարող է քվորում ապահովել և նիստ գումարել»,- ասաց Էմին-Տերյանը:

ԵՊՀ մամուլի խոսնակից հարցրինք, թե հնարավո՞ր է՝ կառավարության ներկայացուցիչները փորձեն մյուս անդամներին էլ համոզել՝ լքել խորհուրդը:

«Որ փորձելու են նման բան անել, կարծում եմ, հաստատ, բայց կհաջողվի՞, թե՞ չէ, չեմ կարող ասել: Ուղղակի իմաստը չկա: Համալսարանը հայտնվել է շատ անհասկանալի իրավիճակում, որովհետև Հոգաբարձուների խորհուրդը, օրինակ՝ պետք է հաստատեր ռեկտորի նախորդ ուսումնական տարվա հաշվետվությունը, և իր գործունեությունը կարող է շարունակվել միայն, երբ որ հաշվետվությունը հաստատված է: Ստացվում է, որ հիմնադիր մարմինը՝ Կառավարությունը, և լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, թքած ունեն համալսարանի կանոնադրության վրա և կարող են, օրինակ՝ սաբոտաժ անել: Կա նաև պրակտիկ կողմ, անցած տարի, երբ կորոնավիրուսային համաճարակը սկսվեց, և համալսարանն անցավ հեռավար ուսուցման, համալսարանը չկարողացավ իր բյուջեն վերափոխել, վերակազմավորել՝ համապատասխան նոր իրավիճակի, որովհետև Հոգաբարձուների խորհրդի նիստ չեղավ, այսինքն՝ պետք է ինչ-որ ծախսեր կրճատվեին, ինչ-որ բաներ ավելացվեին, և այլն, ճգնաժամային ռեժիմի չանցավ համալսարանը, որովհետև հոգաբարձուների խորհուրդը շատ վատ աշխատեց: Այսինքն՝ այստեղ կա նաև պրակտիկ կողմ, և ինչպես տեսնում եք՝ ԿԳՄՍՆ-ն, Կառավարությունն արհամարհում են համալսարանը»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել