Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։

«Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելը, կարող եմ ասել միայն, որ Ռուսաստանը շարունակում է աշխատանքները», - ասաց նա։

Նա հաստատեց, որ գերիների վերադարձի ուղղությամբ շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել