News.am-ը գրում է․

Սուեզի ջրանցքի իշխանությունները քննարկում են ջրուղու հարավային մասն ընդարձակելու հարցը, որտեղ Ever Given բեռնանավը ծանծաղուտի մեջ էր խրվել: Այս մասին հայտարարել է Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբին, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրվում է նաեւ կռունկներ գնելու հնարավորությունը, որոնք պոտենցիալ կերպով կարող են բեռներ բեռնաթափել մինչեւ 52 մետր բարձրության վրա: «Մեր ընթացակարգերը հուսալի են, մենք պարզապես ձգտում ենք բարելավել սպասարկումը»,- ասել է նա:

Մարտի 23-ին 400 մետր երկարությամբ Ever Given նավը ծանծաղուտի մեջ էր խրվել՝ արգելափակելով ջրանցքի հարավային մասը: Այն կնագնած էր մնացել վեց օր՝ թույլ չտալով հարյուրավոր նավերի անցնել եւ զգալի կերպով ազդել էր համաշխարհային առեւտրային հոսքերի վրա:

Երբ նավը հանվեց ծանծաղուտից, այն տեղափոխվեց ջրանցքի երկու հատվածները բաժանող լիճը, որտեղ Սուեզի ջրանցքի վարչությունը (SCA) հետաքննություններ էր անցկացնում: Ռաբին ասել է, որ նավի ինքնաձայնագրիչների տվյալները փոխանցվել են հետաքննող հանձնաժողովին, իսկ ընթացակարգերն ավարտվելուն պես նավը կշարունակի ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել