Armeniasputnik.am-ը գրում է.

Գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,– նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

Փաստաթուղթը ստորագրվել է երեկ` ապրիլի 6-ին։

Հիշեցնենք` Կարապետյանը ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին ԶՈւ–ին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։

Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին` Փաշինյանի խորհրդական։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նա պաշտոն է ստացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել