Hraparak.am-ը գրում է.

Երեկ Սուրբ Զատկի տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր շնորհավորել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, այն դեպքում, երբ միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին, սակայն Փաշինյանը շնորհավորանք չստացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի կողմից, և չմասնակցեց եկեղեցու միջոցառումներին ու ծիսակատարություններին։ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե տարաձայնություննե՞ր կան Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների միջև․

«Ես ի՞նչ իրավունք ունեմ նվիրապետական աթոռների գահակալների ասածները մեկնաբանելու»,- պատասխանեց Միքայել սրբազանը։ 

- Բայց մեզ մոտ տարակուսանք է առաջանում․ մի կողմից Մայր Աթոռը հրաժարական է պահանջում, մոյւս կողմից՝ Արամ Ա-ն շնորհավորում է։

- Տարակուսելու բան չկա, որովհետև, այո, հրաժարականի պահանջ եղել է, մնում է, բայց եթե մարդը շարունակում է այդ պաշտոնի վրա մնալ, ապա զատկական շնորհավորանքը զուտ բարի կամքի դրսևորում է, ուրիշ բան չկա։ Ես այսպես եմ հասկանում Արամ Վեհափառի քայլը, ես ո՛չ հետքայլ եմ տեսնում դրա մեջ, ոչ էլ մեկ ուրիշ բան։ Հրաժարականի պահանջը կա, առկա է, բայց եթե մարդը շարունակում է պաշտոնավարել, Վեհափառը բարի կամքի դրսևորում է ցուցաբերել, շնորհավորել է Քրիստոսի հարույթունը։ Ի՞նչ կա որ։

- Այդ դեպքում ինչո՞ւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն էլ նման բարի կամք չդրսևորեց։

- Ես միշտ ասում եմ ու էլի պիտի կրկնեմ․ չկա որևիցե մի ուժ, չկա որևիցե մի կառույց, որը իրավունք ունի Ամենայն հայոց կաթողիկոսից հաշիվ պահանջելու, թե ինչո՞ւ այսպես ասաց կամ այսպես չասաց, չկա այդպիսի բան։ Ամենայն հայոց յաթողիկոսը ասում ու անում է այն, ինչ հարմար է գտնում։

- Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու համար մերժելի՞ մարդ է։

- Հայ առաքելական եկեղեցու համար նա Հայ առաքելական եկեղեցու զավակներից մեկն է, որը մե՜ծ հանցանք է գործել, մեծ սխալ է գործել, բայց շարունակում է մնալ հայ առաքելական եկեղեցու զավակ։

- Եթե հրաժարական տա, կմաքրվի՞, կդառնա եկեղեցու լիարժեք զավակ։

- Հիմա էլ է լիարժեք զավակ, մենք իրեն ոչ բանադրել ենք, ոչ նզովել ենք, ոչ եկեղեցուց հեռացրել ենք, բայց մենք իրեն ապաշխարության հրավեր ենք արել, իսկ ապաշխարությունն էլ գալիս է նաև հրաժարականով, որ ինքը հասկանա, թե ինչպիսի աղետ է գործել հայության, Հայաստանի Հանրապետության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել