168.am-ը գրում է․

Տարօրինակ զուգադիպությամբ՝ Էկոնոմիկայի գործող ու նախորդ նախարարները երկրում ընթացող գնաճը բացատրում են միջազգային շուկայում պարեն-սննդամթերքի գնաճով:

Նախորդի պարագային նման բացատրություն տալը հեշտ էր: Հասարակությունը հո չէ՞ր դնելու ու ստուգեր, թե ձեթը, ցորենը, կարագը համաշխարհային շուկայում ու հարևան երկրներում քանի տոկոս են թանկացել՝ մեր ներքին շուկայի համեմատ: Գործող նախարարի պարագային ներքին գնաճը համաշխարհային «դավադրությամբ» բացատրելը չանցավ: Մեղմ ասած՝ չանցավ:

Պատճառը հավանաբար այն էր, որ ամենանկատելի և ամենակատաղի տեմպով թանկանում է ձուն: Մթերք, որ բացառապես ներքին արտադրության է: Հետևաբար՝ գլոբալ տաքացման ու բնակլիմայական այլ գործընթացներից բխեցնելը դժվար կլինի: Հատկապես որ, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած, երկրում ածան հավերի քանակը 360 հազարով պակասել է:

Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում (պարզ ասած, թռչնաբուծարաններում) անկումը մոտ 15 տոկոս է, իսկ գյուղացիական տնտեսություններում՝ 2 տոկոս: Դրսի վրա մեղքը գցելը չի անցնելու: Որովհետև համավարակի հենց սկզբից ՄԱԿ-ի Պարենի Միջազգային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին հայտարարեց «բիբլիական մասշտաբի սովի» սպասման մասին:

Հայտարարեց նախ 2020թ․ապրիլին: Նույնիսկ թվեր հրապարակեց՝ սովը սպառնում է մոտ 270 մլն մարդու: Մեր տարածաշրջանի մասին ասվում էր, որ պարենի պակաս զգացող բնակչության քանակն աճելու է 135 տոկոսով (ոչ թե 35, այլ՝ 135): Հետո նույն կազմակերպության նույն ղեկավարը նույն միտքը կրկնեց անցած օգոստոսին: Կրկնեց, ու իր կազմակերպությունն աշնանը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ:

Իսկ այս տարվա հունվարին Դեյվիդ Բիսլին արդեն որպես Նոբելյան մրցանակի դափնեկիր կազմակերպության ղեկավար՝ կրկնեց իրենց կանխատեսումը: Կրկնեց ու մանրամասնեց, որ սով սպառնում է մոտ 30 երկրի: Ավելին՝ ասվեց, որ մինչև համավարակի ավարտն ու համաշխարհային տնտեսության վերականգնումը երկրագնդի վրա 300 հազար մարդ կզոհվի սովից:

Այդ դաժան կանխատեսումների մեջ նորից մեր տարածաշրջանի մասին էլ էր խոսվում: Բայց մենք հերոսաբար չնկատելու ենք տալիս: Պարենի սղության մասին զրույցները մեզ չեն հետաքրքրում: Համաշխարհային շուկայի գործընթացները մեզ ու մեր պաշտոնատարներին պետք են միայն ներքին շուկայում ընթացող գնաճը բացատրելու համար: Տնտեսական քաղաքականությունը, ընթացող պրոցեսների շուրջ գործարարների ուշադրություն հրավիրելը մեր իշխանավորների համար վայել գործ չի: Այս տարի, օրինակ, Վրաստանը, որ մեր նման պարեն ներկրող երկիր է, հունվար-փետրվարին մոտ 45 տոկոսով ավելի ցորեն է ներմուծել, քան նախորդ տարի:

Ընդ որում, փետրվարը՝ նախորդ փետրվարի համեմատ, համարյա կրկնակի՝ 95 տոկոսանոց աճ է արձանագրել: Հիշեցնենք՝ Վրաստանը սպառվող ցորենի 90 տոկոսը ներմուծում է: Այս տարվա փետրվարի ներմուծումների տվյալները նայելիս՝ ակնհայտ է, որ այս հարցում մեր հարևանը քաղաքական խաղեր չի տալիս: Փետրվարին մոտ 8 մլն դոլարի ցորեն ներմուծել է Ռուսաստանից, 955 հազար դոլարի՝ ԱՄՆ-ից, և 627 հազար դոլար արժեքի՝ Ղազախստանից: Ռուսաստանի հետ վատ քաղաքական հարաբերությունները որևէ էական ազդեցություն չեն թողել: Վրաց իշխանությունը, հարկավ, լուրջ է վերաբերվել ՄԱԿ-ի Պարենի Միջազգային ծրագրի ղեկավարության հայտարարություններին: Դա տեսանելի է ներմուծումների ծավալի 45 տոկոսանոց աճից: «Իսկ ի՞նչ պատկեր է մեր պարագային» հարցը եթե հռետորական չհամարենք ու մեր չինովնիկների գրագիտությանը չվերագրենք, ստիպված պիտի պատասխանենք, որ պատկերը, մյուս բոլոր խնդիրների նման, ինքնահոսի է թողնված:

Նախ վիճակագրությամբ հետաքրքրվողները գիտեն, որ վրաց մասնագետները մերոնցից արագ են տվյալներ հրապարակում: Հետևաբար՝ պաշտոնապես կարելի է խոսել միայն այս տարվա հունվար ամսվա տվյալների մասին: Հայաստան այդ ամսին ներմուծվել է 1 մլն 40 հազար դոլար արժեքի՝ մոտ 4 հազար 471 տոննա ցորեն (ցորենի ներմուծումը, ի տարբերություն բերքի, վիճակագրությունը ցենտների փոխարեն՝ հաշվարկում է տոննայով): Շա՞տ է սա, թե՞ քիչ, բնականաբար, կարելի է տեսնել համեմատության մեջ: Այս տարվա հունվարն էապես զիջում է անցած տարվա տվյալներին:

Անցած հունվարին ներմուծվել էր մոտ 4 մլն դոլարի 18,5 հազար տոննա ցորեն: Նույն պատկերը կարող ենք արձանագրել, օրինակ, արևածաղկի ձեթի պարագային: Այս տարի ներմուծվել է 345 հազար դոլար արժեքի 297 տոննա ձեթ: Մինչդեռ անցած տարվա տվյալները շատ ավելի մեծ են՝ 872 հազար դոլար արժեքի՝ 1 հազար 42 տոննա ձեթ: Ահա այսպես է կառավարվում, կամ, որ ավելի ճիշտ է՝ չի կառավարվում մեր տնտեսությունը:

Ի վերջո, ձեթի գնաճն էլ կարելի է ոչ թե ծավալների կրճատումով բացատրել, այլ միջազգային գնաճով: Ստուգողն ո՞վ է: Ի վերջո, իշխանությունները գնաճն էլ կարող են պարտություն համարել: Իսկ թե ով է ցանկացած պարտության պատասխանատվությունն իր վրա վերցնողը՝ հիշեցնել պետք չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել