Hraparak.am-ը գրում է.

Վերջին շրջանում հայկական շուկայում հայտնվել է Իրանից բերված կապույտ բենզին, որն անվանում են պարսկական բենզին։ Դրա վերաբերյալ համացանցում տարատեսակ մեկնաբանություններ են լինում, վարորդները շշով բենզինը նկարում-հրապարակում են Ֆեյսբուքում եւ հարցնում՝ արդյոք սա նորմա՞լ է, որ բենզինն այս գույնն ունի։ Մի մասն ասում է՝ նորմալ է, մի մասը զգուշացնում է, թե հանկարծ չլցնեք՝ վատ բենզին է, շարժիչին վնաս կտա եւ այլն։ Մենք մի փոքր հետաքրքրվեցինք ու պարզեցինք, թե որն է կապույտ բենզինի առեղծվածը, որտեղից է այն ներկրվում, ինչ արժե, ովքեր են օգտվում դրանից եւ, ամենակարեւորը՝ իսկապե՞ս վնասակար է այն, թե՞ ավելի շատ մարկետինգային հնարք է, որ օգտագործվում է դաշտի այլ՝ ավելի խոշոր խաղացողների կողմից։

Նախ նշենք, որ շուկայում կապույտից զատ՝ կա նաեւ կանաչ բենզին։ Եվ կա բենզին, որը պատրաստված է ոչ թե նավթային հիմքի վրա, այլ՝ սպիրտային։ Այս տեսակի՝ սպիրտային հիմքով պատրաստված բենզին, ասում են, ներկրում է «Ռան օյլ» ընկերությունը, որը վերջերս ձեռք է բերել իշխանությունների սրտի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Այս բենզինը, ասում են, լավ է այրվում՝ սպիրտ է հիմքում, ի վերջո, սակայն, արագ ցնդելու հատկություն ունի, բացի այդ՝ կարող է վնասել մեքենայի շարժիչը, ասենք՝ այրել փականները։

Ինչ վերաբերում է կապույտ բենզինին, ապա այն ներկրում է նորահայտ մի ընկերություն, որը լուրջ մրցակցություն է առաջացրել շուկայում։ Այս ընկերությունը բենզինը ձեռք է բերում անմիջապես Իրանի նավթի նախարարությունից, այսինքն՝ այն կիրառվում է Իրանում պետական մակարդակով։ Հայաստանում մանրածախ վաճառքի գինը նվազագույնը 30 դրամով ցածր է դաշտում հայտնի խաղացողների՝ «Ֆլեշի», CPS-ի, Max Oil-ի լցակայաններում վաճառվող բենզինից։ Ու թվում էր, թե Իրանից ներկրվող բենզինն իր ցածր գնի շնորհիվ պետք է ազդեր շուկայում գների իջեցման վրա, բայց տեսնում ենք, որ հիմնականում ներկրվող բենզինի գներն օր-օրի բարձրանում են, դրան համաչափ՝ բարձրանում է նաեւ Իրանից ներկրվող բենզինը։

Այսինքն՝ եթե երկու շաբաթ առաջ, օրինակ, նույն «Ֆլեշում» կամ CPS-ում վաճառվող բենզինն արժեր 390-410 դրամ, ապա իրանական բենզինը 370 դրամ էր։ Ընդ որում, կա նաեւ մեկ այլ ընկերություն, որը նույնպես Իրանից է բենզին ներկրում, նրանց լցակայանն Աշտարակի խճուղում է, այստեղ եւս բենզինը շուկայականից ցածր է։ Այս ամենով հանդերձ՝ մյուս լցակայաններում բենզինը որեւէ կերպ չի էժանանում, չնայած այն հանգամանքին, որ շատ վարորդներ արդեն սկսել են թեկուզ մի քանի կմ երկար վարել, բայց իրենց մեքենաները լիցքավորել Իրանից ներկրվող բենզին վաճառող լցակայաններից, որպեսզի գումար խնայեն։ ՏՄՊՊՀ-ն այս հարցում եւս որեւէ արտառոց բան չի տեսնում, ասում է՝ միջազգային գների բարձրացման պատճառով է Հայաստանում բենզինը թանկանում։

Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ, մեզ հասած տեղեկությամբ, արդեն Հայաստանի խոշոր խաղացողները, որոնք բենզին ներկրում էին Ռուսաստանի Դաշնությունից հին, հայտնի «մոնոպոլ» սխեմաներով, սկսել են արդեն Իրանից ներկրած կապույտ բենզին գնել, ընդ որում՝ երկրորդ-երրորդ ձեռքից, ու վերավաճառել։ Օրինակ՝ նույն «Ֆլեշն» արդեն իրանական կապույտ բենզին է ձեռք բերում։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն ընկերությունները որոշ ժամանակ առաջ կազմակերպված արշավ էին սկսել Իրանից ներկրվող բենզինի դեմ, թե անորակ է, որ իրենց հաճախորդներին չկորցնեն։ Այսօր իրենք են այդ «անորակ» բենզինը վաճառում։

Նմանատիպ խորհուրդ օրերս մասնավոր զրույցում մեզ տալիս էր նաեւ «Ֆլեշ» ընկերության հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը։ Նա նախ դժգոհում էր բենզինի համաշխարհային գներից, թե 395 դրամ է «նստում» իրենց վրա մեկ լիտր բենզինը, որն այն ժամանակ վաճառում էին 410-ով, այսինքն՝ ընդամենը 15 դրամ են աշխատում, հետո էլ, երբ հիշատակեցինք իրանական բենզինի մասին, մեզ հորդորեց մի քիչ թանկ վճարել, բայց իրենց բենզինը լցնել, քան Իրանից ներկրվողը, որը, իբր, վնաս է մեքենայի շարժիչին։ Հիմա իրենք են նույն բենզինը վաճառում, քանի որ Իրանից ներկրվածը նույնիսկ երկրորդ ձեռքից գնելով ու վերավաճառելով՝ ավելի ձեռնտու է։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել