News.am-ը գրում է.

Վախ իր մեջ ընդհանրապես չկար, նույնիսկ երբ շրջափակման մեջ էին ընկնում: Այս մասին այսօր` ասպրիլի 3-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը:

«Երեւի շատ տղաներ էին իրենց գրպանում պահում վերջին փամփուշտը, ինքը նաեւ դանակ էր իր մոտ պահում, որ գերի չընկներ»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Հարցին, թե ինչպիսին կլիներ Հայկազի արձագանքը, երբ իմանար պատերազմի ելքի մասին, տիկին Աննան ասաց, որ նույնիսկ վախենում է նույնիսկ պատկերացնել:

«Սա ինքը հաստատ չէր կարողանալու հանդուրժել, դա միանշանակ»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը որպես զոհվածի մայր ինչ պատասխան է պահանջում իշխանությունից, Հայկազի մայրն ասաց, որ ինքը բացի հրաժարականից շատ բան է պահանջում:

«Ես բացի հրաժարականից շատ բան եմ պահանջում իշխանությունից: Էն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք անթույլատրելի ու անհանդուրժելի իրավիճակ է: Նախ էդքան զոհեր մենք պիտի չունենայինք, երեխեքը անպաշտպան են եղել օդից, երեխեքը խրամատ են փորել իրենց մոտ եղած դանակով, ձեռքերով, կամ այլ իրերով ինչ ձեռքի տակ ընկել է: Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է, խայտառակություն է: Ես զայրանում եմ, որ նման բաներ եմ տեսնում էդ հողերի հանձնելը, էդ երեխեքի գերի ընկնելն ու նրանցով չզբաղվելը , էն որ բացի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոչ մի կառույց  չի զբաղվում զոհված տղաների աճյունների հարցերով, գերիների հարցերով: Կարծես զուգահեռ իրականության մեջ ենք ապրում` մի իրականություն, որտեղ իրենք են ապրում, մեկ այլ իրականություն, որտեղ մենք ենք ապրում: Սա անթույլատրելի է»,-ասաց Հայկազ Մկրտչյանի մայրը:

Նշենք, որ Հայկազ Մկրտչյանը նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» համար մեդալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել