ԱՄՆ-ի մաքսային և սահմանապահ վերահսկողության ծառայությունը 2021-ի մարտ ամսին Մեքսիկայի հետ սահմանին ավելի քան 171 հազար ներգաղթյալ է ձերբակալել, ինչը 2006 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշ է, գրում է The Washington Post-ը։

Թերթի տյալներով՝ անցյալ ամիս սահմանին ձերբակալվել է ավելի քան 18 հազար անչափահաս, ինչը 99 տոկոսով բարձր է ընթացիկ տարվա փետրվարին ներգաղթյալ երեխաների ձերբակալությունների ցուցանիշից: Բացի այդ, ձերբակալվել է 53 հազար մարդ, որոնք փորձել են հատել ամերիկյան սահմանը իրենց ընտանիքների հետ։

Շաբաթներ առաջ Բայդենը ներգաղթյալներին կոչ էր արել ապօրինի մուտք չգործել ԱՄՆ, այդ թվում՝ Մեքսիկայի տարածքից:

Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ անօրինական ներգաղթյալների թվի աճը, մասնավորապես, նկատվել է 2019 և 2020 թվականներին: Բայդենը չէր համաձայնել այն պնդումների հետ, թե տեղի ունեցածն անօրինական ներգաղթյալների հանդեպ իր «չափազանց մեղմ մոտեցման հետևանքն է»:

ԱՄՆ նախագահն իրենց երկրները լքել և ապօրինաբար ԱՄՆ-ի սահմանը հատել պատրաստվող ներգաղթյալներին կոչ էր արել «մնալ իրենց երկրներում»։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի վերջին երկու տասնամյակների ընթացքում Կենտրոնական Ամերիկայի պետություններից ռեկորդային թվով անօրինական ներգաղթյալների ժամանմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել