Hraparak.am-ը գրում է.

Ավարտվել է Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021  ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով ծառայողական քննությունը։ 

Հիշեցնենք` միջազգային ցուցահանդեսի 2-րդ օրը` փետրվարի 22-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ-ն միայն բուկլետներ է ներկայացրել, պարզաբանում էր տարածել, որտեղ ասված էր. «Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի», իսկ բուն բուկլետների մասով էլ ասել էին,  թե տաղավարը դատարկ չի եղել, այլ գիտելիքով լցված է եղել։ 

ԲՏԱ նախարարությունից 3 աշխատակից, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում, ստացել են նկատողություն։ Տեղեկությունը հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»

Հիշեցնենք նաև ,որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի փետրվարի 24-ի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել 2021 թվականի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով:

«Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել