keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

ԱԽ քարտուղարի պաշտոնն ու նրա հայտարարությունը միմյանց հետ խորը հակասության մեջ են․ թուրքագետ

visibility 150 commentմեկնաբանել

News.am-ը գրում է․

Այս ամենում ակնհայտ է թուրքական ձեռագիրը․ թուրքագետը՝ Թուրքիային թշնամի չհամարելու իշխանության դիրքորոշման մասին Թուրքիայի հանդեպ վերաբերմունքում «մոտեցումները շտկելու» ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը պետական արժանապատվության և ազգային ինքնասիրության դիրքերից նահանջ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Սա մի մեծ ծրագրի մաս է։ Այդ հայտարարությունը պիտի համադրել իշխանության այլ ներկայացուցիչների համանման հայտարարությունների հետ։ Դրանք նույն «օպերայից» են, մասնավորապես Արագածոտնում և Արմավիրում Փաշինյանի այն տավտալոգիան, թե ինչքան մենք ենք թշնամի համարում, այնքան էլ մեզ են թշնամի համարում», համոզված է թուրքագետ պրոֆեսորը։

Հիշեցնելով իշխանական թևի պատգամավորների հայտարարությունները, թե կան լավ թուրքեր, թուրքերի հետ պիտի բանակցել-հաշտվել, ինչպես նաև պետական ապարատից հնչող նույնաբովանդակ տեսակետները, թուրքագետը փաստում է, որ ԱԽ քարտուղարն այս առումով միակը չէ, պարզապես նրա պաշտոնն ու նման հայտարարությունը միմյանց հետ խորը հակասության մեջ են։

«Նա կոչված է ֆիքսել ու չեզոքացնել ազգային անվտանգության սպառնալիքները, իսկ նրա հայտարարությունը խոսում է այն մասին, որ նա չի գիտակցում, թե ինչ վտանգներ են բխում Թուրքիայից, չի գիտակցում Հայաստանի հանդեպ Թուրքիայի մոտեցումները։ Այս պարագայում, թե ինչ շտկումների մասին են խոսում, հայտնի է միայն իրենց է և այդ ծրագիրը գծած շրջանակներին», ասել է Ռուբեն Մելքոնյանը։

Ի պատասխան՝ Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ, երբ խոսվում է այն մասին, թե ԱՄՆ նախագահը հնարավոր է իր ելույթում «Ցեղասպանություն» բառը շեշտի, նման օրակարգ առաջ մղելու նպատակը ո՞րն է՝ հարցին, Ռ․Մելքոնյանն ասաց, որ Բայդենը հնարավոր է կկիրառի այդ բառը, սակայն ինքը դեմ է այդ հարցի ֆետիշացմանը։

«Այնքան էլ կողմ չեմ, որ ամբողջ ազգով սրտատրոփ սպասենք՝ Բայդենն այդ եզրույթը կօգտագործի, թե ոչ։ Բայց դա եթե ոչ իրավական, ապա քաղաքական կարևոր քայլ է։ Դրան հասնելու համար տասնամյակներով աշխատել է և մեր պետությունը, և սփյուռքը։ Այսօր մի վիճակ է ստեղծվել, որ իշխանությունները պայքարում են մեր պետականության, պետական առաջնահերթությունների դեմ։ Իշխանության այսօրվա քայլերը կարող են էական վնաս հասցնել մեր արտաքին քաղաքական ուղղություններին, այդ թվում ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանությանն իրավական գնահատական տալուն», նշել է նա։

Ապրիլի 24-ին ընդառաջ այս կարգի հայտարարությունները թուրքագետը պատահական չի համարում, ավելին, կարծում է, որ դրանք շահեկան են միայն Թուրքիային։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝