Hraparak.am-ը գրում է.

Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» և «Elias Doumet» ընկերություններն ընդդեմ Հայաստանի դիմում են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Անդրանիկ Մուրադյանի նամակից՝ ուղղված միջազգային կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին։

Մեր ձեռքում հայտնված փաստաթղթից մասնավորապես տեղեկանում ենք, որ դիմումը արդեն իսկ ներկայացվել է դատարան, և Մուրադյանը այդ դիմումի հայերեն թարգմանությունն է խնդրում Դավիթ Գևորգյանից․

«Կից Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժ Sanitek և Elias Doumet ընկերությունների կողմից ներկայացված դիմումի պատճենը և խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել նշված հայերեն թարգմանությունը»,- գրել է Մուրադյանը՝ նշելով, որ ընդդեմ Հայաստանի դիմումը 40 էջ է։ 

Հիշեցնենք, որ «Սանիթեքը» Հայաստանում իր աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է 2019-ի օգոստոսի վերջերից։ Քաղաքի աղբահանությունը ստանձնեց քաղաքապետարանը։ Լիբանանյան կազմակերպությունը բազմիցս հայտարարել էր, որ իրենց գործունեությունը ապօրինի է դադարեցվում, և իրենք դիմելու են միջազգային արբիտրաժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել