Panorama.am-ը գրում է.

«ԳՇ պետին ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչելու ինձ ուղղված հայցադիմումը հետ է վերադարձվել, քանի որ կայացվել է հայցադիմումը վերադարձնելու որոշում այն հիմնավորմամբ, որ ընտրված հայցատեսակը ոչ  ճիշտ է, իսկ դատավորն ունի պարտականություն ոչ ճիշտ հայցատեսակի պարագայում մատնանշել ճիշտ հայցատեսակը և վերադարձնել։ Դրանից հետո իրենց իրավունքն է՝ կարող են շտկած վերադարձնել հայցադիմումը, կարող են չհամաձայնել ու վերաքննիչ բողոք տանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Լիանա Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը իր գրասենյակը բողոք չի ստացել, և, ըստ էության, հայցվոր կողմը ցանկանում է ճշտել պատշաճ հայցատեսակի առումով Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումը, և ապա վերաքննիչ բողոք ներկայացնել։

Հարցին, թե արդյո՞ք իշխանության կողմից ճնշումներ կան իր վրա, Լիանա Հակոբյանը պատասխանեց՝ ոչ. «Իմ վրա, համենայնդեպս, չկա որևէ ճնշում»։

Դիտարկմանը, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ եղել են ճնշումներ, Լիանա Հակոբյանն արձագանքեց՝ ասելով, որ ինքը տեղյակ չէ։

«Ցանկացած ճնշում դատավորի նկատմամբ, բնականաբար, անօրինական վարքագիծ է»,- կարծիք հայտնեց նա։

Ըստ նրա, իր համար դատավորի անկախությունը կախված չէ օրենսդիրից կամ գործադիրից. «Կա դատավոր, որը կարող է ունենալ ներքին անկախություն, կամ՝ չունենալ։ Եթե դատավորն ունի ներքին անկախություն և իր մեջ ուժ է գտնում անկախ աշխատելու, կարծում եմ՝ որևէ լծակ, որևէ իշխանության ճյուղ չի կարող իր վրա ճնշում գործադրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել