Tert.am Life-ը գրում է.

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն ամուսնացած են արդեն 8 տարի: Tert.am Life-ի հետ զրույցում Աստղիկը խոսել է ընտանիքի հիմքերն ամուր պահելու իրենց բանաձևի, սերը նաև խոսքերով արտահայտելու և երեխաների դաստիարակման իրենց բանաձևի մասին:

Ըստ Աստղիկի՝ ընտանիքի համար պետք է ամեն օր աշխատանք անել: «Չի կարող այնպես լինել, որ մեկ անգամ ինչ-որ բան որոշվի ու այդպես շարունակվի մինչև վերջ, պետք է ամեն օր աշխատանք տանել երեխաների, ամուսնու հետ, պահել տան մթնոլորտը: Միգուցե մարդուն թվա, որ տվյալ պահին ամեն ինչ լավ է, հարաբերությունները լավ են, բայց աշխատանքը նույնիսկ այդ պահին է անհրաժեշտ: Այդ աշխատանքը երկուսի համար է, եթե միայն ես պայքարեի, կհոգնեի ճանապարհի կեսից: Եթե դիմացինդ փոխվելու, կատարելագործվելու, սխալն ուղղելու ցանկություն չունենա, դա անիմաստ աշխատանք կլինի քո կողմից: Խոսում ենք, փորձում ենք ուղղել մեր սխալները՝ չնայած ոչինչ կատարյալ լինել չի կարող»,- ասաց նա:

Աստղիկի խոսքով՝ յուրաքանչյուր հարաբերություններում՝ ամուսնական, ծնող-երեխա, ընկերական, պետք է թարմացումներ լինեն: «Չպետք է թողնել, որ հարաբերությունները դեպի լճացում գնան, պետք է նոր հետաքրքրություն, ապրելու ոճ ստեղծել: Մեր ընտանիքում՝ որպես կին, այդ պարտականությունն ինձ վրա է: Չեմ ուզում մանրամասնել, բայց անընդհատ փորձում եմ նոր հետարքրքություն առաջացնել, ծրագրեր կազմել հանգստյան օրերի համար, այնպես անել, որ դրանք միշտ տարբերվող անցնեն: Առհասարակ, սիրում եմ մտածված ապրել, չեմ սիրում օրս անիմաստ անցկացնել»,- նշեց Աստղիկը:

Նրա կարծիքով՝ ընտանիքում կարևոր է սերը ոչ միայն գործով, այլև խոսքերով արտահայտելը: «Պետք է երեխաներին ու ամուսնուն հաճախ ասել, որ սիրում ես: Մարդն իր ականջներով է սիրում, լինի կին, տղամարդ, թե երեխա, բոլորն էլ ուզում են լսել, որ սիրված են: Առավոտյան՝ տղայիս դպրոց ճանապարհելիս, երբ ասում եմ, որ սիրում եմ նրան, Մոնթեի դեմքին ժպիտ է հայտնվում, հաստատ դպրոցում իրեն ավելի ինքնավստահ է զգում: Դա ամբողջ օրվա ընթացքում իր համար ուղեցույց է լինում: Ես սիրում եմ արտահայտել զգացմունքներս և երեխաներիս էլ այդպես եմ դաստիարակում, մենք ընտանիքում բոլորս էլ այդպես ենք մտածում»,- ընդգծեց նա:

Աստղիկը նկատեց, որ իրենց տանն արդեն ընդունված կանոններ ունեն, որոնք ստեղծել են ամուսնու հետ: «Գիտենք՝ ի՞նչն է կարելի, ի՞նչը՝ ոչ, ինչի՞ վրա է պետք կենտրոնանալ, ինչո՞ւմ ենք թերանում: Այդ կանոնները միասին ենք ստեղծել՝ ելնելով մեր աշխարհայացքից, երազանքներից, նպատակներից, իսկ մեր երազանքները մեկ ուղղությամբ են, կապված են իրար հետ: Օրինակ՝ Մոնթեն գիտի, որ Շուշիի վրա ձայնը բարձրացնել չի նկարելի: Ամեն երեկո հավաքվում ենք թեյի սեղանի շուրջ, զրուցում, քննարկում օրը, հաջորդ օրվա հետ կապված անելիքները: Նույնիսկ եթե հոգնած ենք լինում և թեյ չենք խմում, այն, միևնույն է, պատրաստում ենք»,- պատմեց նա:

Աստղիկը շեշտեց՝ չի կարծում, որ ընտանիքում պետք է հավասարություն լինի, ամեն մեկը պետք է իր տեղն ունենա: «Սիրում եմ ամուսնուս կողքին թույլ լինել, բայց դա չի նշանակում, որ կարծիք արտահայտելու ցանկություն կամ իրավունք չունեմ: Ուղղակի գիտեմ իմ չափը, որից հետո ամուսինս պետք է որոշի: Սա չի սահմանափակում իմ ազատ արտահայտվելու իրավունքը: Միշտ քննարկում ենք հարցերն ու ընդհանուր հայտարարի գալիս: Միգուցե ոչ բոլորին է սա դուր գալիս, բայց ես կին եմ, սիրում եմ թույլ լինել: Ուզում եմ օրինակ լինել դստերս համար, բայց սա խաղ չէ, ես, իրոք, ներքուստ հանգիստ ու համբերող եմ: Նարբեի օրինակով էլ Մոնթեն կլինի»,- ասաց Աստղիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել