«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շաբաթ օրն այցելել էին Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ՝ Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան։ Իշխող վերնախավի մարզային այցը բուռն քննարկումների առիթ դարձավ, ընդդիմախոսները վարչապետին մեղադրեցին նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ «նախընտրական» այցելությունների, ինչպես նաև՝ Փաշինյանի հայտարարությունների՝ նախկիններին ուղղված մեղադրանքների և առավելապես՝ դպրոցահասակ երեխաներին Նիկոլ Փաշինյանի համար «կենդանի վահան» օգտագործելու, նրանց առաջին շարքերում շարելու համար։ Սակայն իշխանական շրջանակներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դա ոչ այնքան նախընտրական, որքան ստուգողական այց էր։ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը նման այցելություններ էլի է կազմակերպելու։

Նա, ըստ էության, չի վստահում ոչ մեկին, անգամ ԱԱԾ-ին, և որոշել է սեփական աչքով ու անձամբ ստուգել իր և իշխանության ռեյտինգը մարզերում, շոշափել մարդկանց տրամադրությունները, որպեսզի, ըստ այդմ, կողմնորոշվի՝ գնա՞ հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրություններին, թե՞ այն ինչ-որ պատրվակով չեղարկի։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը մինի-սոցհարցում է որոշել իրականացնել և ինքն անձամբ ստանձնել է երջանկահիշատակ Ահարոն Ադիբեկյանի դերը, որ հետո փաստի առաջ չկանգնի։

Տեղեկացանք, որ Արագածոտն կատարած այցի մասին տեղի համայնքներին տեղյակ են պահել երկու-երեք օր առաջ ընդամենը, ողջ այցը կազմակերպել են մարզպետը և տեղից ընտրված պատգամավորները, մանավանդ՝ Սերգեյ Մովսիսյանը։ Այցից  հետո կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում հայտնվեցին լուսանկարներ ու տեսանյութեր, թե ինչպես են հարյուրավոր քաղաքացիներ Փաշինյանին աղուհացով դիմավորում համայնքներում, շփվում նրա հետ՝ թերևս փորձելով ցույց տալ, որ Փաշինյանը տեղաշարժի խնդիր չունի, իսկ Երևանում մի գերատեսչությունից մյուսը դիպուկահարների և ոստիկանական գնդերի ուղեկցությամբ է շրջում այն պատճառով, որ քաղաքական օպոնենտներն են ակցիա իրականացնում։

Ուջանի համայնքապետ, ինչպես ինքն է ասում, «պապենական դաշնակցական» Նաիրի Կիրակոսյանը վստահեցնում է, որ նախկինում 3 հազար 400, բայց ներկայումս 2 հազար 300 բնակիչ ունեցող Ուջանում 70-100 ուջանցի է մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, մնացածն իրեն անծանոթ մարդիկ էին, հավանաբար՝ կողքի գյուղերից։ Գյուղապետը ոչ մեկին ո՛չ արգելել է գնալ հանդիպման, ո՛չ էլ հակառակն է արել. «Դե, տեղակալս է ընդունել, ինքն ասեց՝ հազիվ 70-100 մարդ լիներ, կողքից էին շատ»։ Ինքն անձամբ չի դիմավորել Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ խնդրել-հորդորել է իր բազում գյուղացիներին՝ ակցիաներ չիրականացնել. «Էդ մարդիկ էսօր գալու են, վաղը գնան, մենք գյուղի մարդիկ ենք, իրար երես ենք նայելու, դրա համար էլ նպատակն էն էր, որ բախում չլինի»։ Դիտարկմանը, որ իր կուսակիցները հենց այդ գործով են զբաղված՝ բողոքի ակցիաների միջոցով խոչընդոտում են Փաշինյանի ազատ տեղաշարժը, ասաց․ «Դե, չգիտեմ, գյուղում պետք չէր։ Մեր գյուղում շատ կարգին, տաքարյուն մարդիկ կան, ուզեցել են, բայց ես արգելել եմ, գյուղացիք ամբողջ կյանքում իրար հետ են ապրելու»։ Իսկ դպրոցական երեխաների ներկայության մասին էլ ասաց․ «Մեր գյուղից էլ կային, բայց շատերն անծանոթ էին»։

Ներքին Բազմաբերդի համայնքապետ Խաչատուր Նորեյանը զրույցի սկզբում նախկին ՀՀԿ-ական ներկայացավ։ Իսկ հիմա՞։ «Հիմա էլ՝ նույնը»,- պատասխանեց նա։ Նորեյանը նաև ասաց, որ տեղակալ չունի, ինքն է անձամբ դիմավորել Նիկոլ Փաշինյանին. «Ես համայնքի ղեկավար եմ, հո էս իմ անձնական բոստանը չի՞, որ կուսակցական եմ՝ չդիմավորեմ»։

«Մի բանը, որ ժողովուրդն ուզում է, ես չեմ կարա ասեմ՝ չէ, մի եկեք։ Մարզպետարանից զանգեցին, ասեցին, որ ուզում է գա ձեր մոտ, մենք էլ ընդունել ենք։ Բայց էդ հավաքվածները շատը հարևան գյուղերից էին, մեր համայնքից մի 100-150 երևի։ Դե, երեխեք էլ կային»։ Ներքին Բազմաբերդը 1700 բնակիչ ունի, համայնքապետը, սակայն, սոցհարցում չի արել, չի կարող ասել՝ իր ղեկավարած համայնքն իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր. «Ես անգամ կազմակերպական աշխատանքին չեմ մասնակցել, հայտարարություն ենք խփել գյուղում, որ գալիս է, իրանք էլ եկել են, էդքան բան»։ 44-օրյա պատերազմին համայնքը երեք զոհ է տվել, Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրն այցելել է զոհվածների գերեզմաններին, այնտեղ են եղել նաև նրանց հարազատները։ «Շաբաթ օր էր, մարդիկ էդ ժամին ամեն շաբաթ գերեզմանոց են գնում, ինքն էլ ուզեց՝ գնաց»,- ասաց  նա՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցերը ևս, մեր տեղեկություններով, կազմակերպվելու են անսպասելի և հույժ գաղտնիության մթնոլորտում, որպեսզի ընդդիմադիրները բողոքի ակցիաներով չխանգարեն Փաշինյանի նախընտրական գեղանկարչությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել