Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արտակ Դավթյանը, ով ավելի վաղ Կառավարության հայտարարությամբ իրավունքի ուժով համարվել է ԳԺ պետ:

Հայտարարությունը՝ ստորև.

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։

Նշենք, որ ս.թ. փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր՝ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու առաջարկություն էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս առարկություններով վերադարձրել էր այն, երկրորդ անգամ ստանալով՝չէր ստորագրել:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտականությունները ժամանակավորապես կատարելու է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին էր ներկայացրել Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին առաջարկությունը:

Արմեն Սարգսյանը առարկություններով ետ էր վերադարձրել այն, այսօր արդեն Կառավարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ իրավունքի ուժով Արտակ Դավթյանը համարվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել