ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Tert.am- ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով Կառավարության հայտարարությունը, ասաց՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը, ինչի կապակցությամբ քրեական հոդվածներով համապատասխան հաղորդումներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

«Օնիկ Գասպարյանը դատական ակտի ուժով ԳՇ պետ է, մինչդեռ Պաշտպանության նախարարը և վարչապետը իրենց գործողություններով և անգործությամբ խոչընդոտում են, որ Գասպարյանը անցնի իր լիազորություններին:

Մենք վարչական դատարանում այսօրվա հայտարարության վերաբերյալ հայցի հիմքի առարկայի լրացում կանենք, հուսով եմ՝ շուտով կունենանք ևս մեկ փաստաթուղթ, որով կճանաչվի Արտակ Դավթյանի կողմից Գլխավոր շտաբի պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը: Եթե դատարանը բավարարի մեր առաջիկա միջնորդությունը, ապա կունենանք մի թուղթ, որով պետք է հաստատվի, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետ չէ»,- նշեց նա:

Փաստաբանը նշեց, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայցի ապահովման վերաբերյալ երկշաբաթյա ժամկետից հետո դատարանը նիստ կնշանակի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել