Armeniasputnik.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, փաստ չի, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և դա Հայրենիքի փրկության շարժմանը հավատ չի ներշնչում։ Բաղրամյան պողոտայում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը

Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ վարչապետը 2 անգամ հրաժարական տա, այդ ժամանակահատվածում վարչապետ չընտրվի, լուծարվի խորհրդարանը և նոր նշանակվի ընտրությւոններ։

«Այս ընթացքում մի քանի անգամ իշխանությունը խոսել է արտահերթ ընտրություն կազմակերպելու մասին, իսկ հետո հրաժարվել դրանից։ Ավելին, պատերազմի օրերին էլ 44 օր մեզ ստերով են կերակրել, ուստի ունենք բոլոր հիմքերը կասկածելու, թե հունիսի 20-ին ընտրություն է լինելու»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` եթե անգամ ընտրություն տեղի ունենա, դա բավարարում է իրենց շարժման պահանջների մի մասը։ Հարցն այն է, որ Սաղաթելյանը կարծում է` Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատարման պարագայում ընտրություն կազմակերպելը չի լինելու մրցակցային և արդար։

Սաղաթելյանը հայտարարեց` անհնազանդության ակցիաները շարունակվելու են, հնարավոր է մարտավարության փոփոխություն, սակայն անիմաստ են համարում արտահերթ ընտրությունների օրակարգ մտնելը, եթե նման բան չկա և կա միայն այդ մասին հայտարարություն։

Հարցին, թե ո՞վ կարող է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինել Փաշինյանի փոխարեն` Սաղաթելյանը պատասխանեց, որ Վազգեն Մանուկյանը կարող է նրա փոխարեն լինել կամ էլ որևէ այլ չեզոք անձի թեկնածություն կարող են քննարկել։

Սաղաթելյանը հայտնեց, որ իր կուսակցությունը` Դաշնակցությունը, ընտրությունների օրակարգի մեջ չի մտնելու, այլ շարունակելու է պահանջել, որպեսզի վարչապետը հեռանա։

Նա հավելեց, որ առաջիկայում խորհրդի նիստ կլինի, որից հետո հանդես կգան շարժման հետագա անելիքների վերաբերյալ հայտարարությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել