Hraparak.am-ը գրում է.

Ներքաղաքական զարգացումներն ու իշխանական ճամբարից ստացվող տեղեկությունները հուշում են, որ իշխանությունն արտահերթ ընտրությունների մասին հերթական ձեւական գործընթացն է գեներացրել։ Չնայած օրերս իր պատգամավորների հետ հավաքին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գնում ենք ընտրությունների, բայց մեր աղբյուրներն ասում են, որ նա այդքան վստահ չէ եւ իր ամենամոտ թիմակիցներին պարբերաբար ասում է, որ երկրում արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, եւ ինքն առաջիկայում դա կապացուցի ընդդիմադիրներին։ Փաշինյանը պատրաստվում է այցելել գյուղեր, տեսագրել եւ ցույց տալ, թե ինչպես են մարդիկ իրեն ողջունում։ Մեզ ասացին, որ նա հատկապես ոգեւորվել է Օհանավան այցից։ Անցած կիրակի նա այցելել էր Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղ, եւ երբ գյուղում նրան չեն հայհոյել ու հանդիմանել, եզրակացրել է, որ մարդիկ ամենուրեք ջերմ ընդունելության են արժանացնելու իրեն։

Բացի այդ, վերջին օրերին Հայրենիքի փրկության շարժումն է պասիվացրել Բաղրամյան պողոտայի պայքարը, նաեւ մեծ հանրահավաքներ, երթեր չեն կազմակերպում, ինչը նույնպես Փաշինյանի մոտ տպավորություն է ստեղծել, որ իրեն հաջողվեց հանգցնել փողոցային պայքարը։

Սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը Ծառուկյանի հետ կապի դուրս չի գալիս, տետ ա տետ հանդիպման մասին պայմանավորվածություն չի կայանում։ Հիշեցնենք․ անցած օրերին մենք գրել էինք, որ Ծառուկյանի եւ Փաշինյանի միջեւ միջնորդավորված երկխոսության արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պայմանով, որ դրանք կանցկացվեն ռեյտինգային ընտրակարգով եւ մինչեւ հունիս։ Ծառուկյանը Փաշինյանին նաեւ ասել է, որ նրա հետ կհանդիպի, եթե հանդիպումից հետո նա հայտարարի ընտրությունների օրն ու հրաժարականը։ Ինչպես հայտնի է՝ Էդմոն Մարուքյանն էլ դեմ չէ այս տարբերակին։

Փաշինյանն այլեւս խաբելու շանս չունի

Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո հենց փողոցն ակտիվանում է, ներքաղաքական զարգացումները թեժանում են, Նիկոլ Փաշինյանն օրակարգ է հանում արտահերթ ընտրությունների հարցը։ Վերջին փորձը ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո էր կամ այդ պատճառով։ Բայց, ի տարբերություն անցած ամիսների, ընդդիմադիրներն այժմ համաձայն են անգամ Փաշինյանի օրակարգով կազմակերպվելիք արտահերթ ընտրություններին, այսինքն՝ նրա վարչապետությամբ։ Խոսքը թե՛ խորհրդարանական ընդդիմության մասին է, թե՛ արմատական բեւեռ դարձած Հայրենիքի փրկության շարժման հիմնական խաղացողների։

Ոմանք այդ մասին հրապարակային հայտարարել են, ոմանք ակնարկներ են արել, բայց, մեր տեղեկություններով, 6 լիդերներից համենայնդեպս չորսն այս հարցում կոնսենսուս ունեն։ Միայն Սերժ Սարգսյանն ու վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն են կտրականապես մերժում Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունները։ Մյուսները թեեւ կարծում են, որ ճիշտը ՀՓՇ-ի օրակարգը մինչեւ վերջ առաջ տանելն է ու հրաժարական պարտադրելը, բայց ընդունում են, որ եթե ընտրություններ հայտարարվեն, չի կարելի բոյկոտել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը եւ Գագիկ Ծառուկյանը գրեթե վստահ են, որ ընտրությունների միջոցով կհաջողվի իշխանափոխություն իրականացնել։

Նրանք կարծում են, որ իշխանությունն այնքան է կորցրել իր վարկանիշը, որ հազիվ 30 տոկոս ձայն ստանա։ Իսկ նրա արբանյակներն առհասարակ ԱԺ մտնելու շանս չունեն, որ կոալիցիա կայանա։ Բացի այդ, ներքին քննարկումներում լիդերներն անկեղծորեն վերլուծել են ներքաղաքական ստատուս քվոն եւ եկել եզրահանգման, որ 4 ամիս է՝ իրենց չի հաջողվում այնպիսի կրիտիկական զանգված դուրս բերել փողոց, որն իրականություն դարձնի խաղաղ իշխանափոխությունը։ Մյուս կողմից՝ Փաշինյանն անգամ կրիտիկական զանգվածի առաջ չի նահանջի եւ դեռեւս ունի աջակիցներ ու համախոհներ։ Նրանք հասկանում են նաեւ, որ Հայաստանն ապրում է ծանր շրջափուլ, ճգնաժամ է բոլոր ոլորտներում, որոնցից ամենացցունը քաղաքականն է։

Որոշ տեղեկություններով՝ ընտրություններ են պահանջում նաեւ միջազգային կենտրոնները՝ Արեւմուտք, Ռուսաստան։ Երկիրն այլեւս հնարավոր չէ պահել այս կաթվածահար, կանգնած վիճակում։ Եթե կամովին հրաժարական չի տալիս, հանգուցալուծումը մնում են արտահերթ ընտրությունները։

Հենց այս պատճառով է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային ակցիաներ չեն իրականացնում, հարցազրույցներ էլ չեն տալիս, որ իշխանությունը որեւէ պատրվակով չտապալի գործընթացը։ ՀՓՇ-ում գրեթե վստահ են, որ իշխանությունն այլեւս շանս չունի հերթական անգամ խաբս տալու եւ հրաժարվելու ընտրությունների մտքից, նախօրեին նեղ կազմով նիստ են անցկացրել, քննարկել առաջիկա անելիքները։ Եթե առաջիկա օրերին Փաշինյանը չհստակեցնի հարցը եւ երկիրը շարունակի պահել սպասման եւ անորոշության մեջ, ապա նորից կանցնեն փողոցային պայքարին եւ այս անգամ՝ անզիջում, չի բացառվում, որ շաբաթվա վերջին մեծ հանրահավաք կազմակերպեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել