Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան, երգիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ Փոլադ Բյուլբյուլօղլուն երեկ հարցազրույց է տվել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին։

Հարցազրույցում նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմին ու իր ղեկավարության ոճով մի ամբողջ խեղաթյուրումների շարք մտահղացել։

«Ամբողջ ադրբեջանական ժողովրդի և անձամբ իմ համար անցած տարին հիմնականում հաղթանակի տարի էր և մեր հողերի երկար սպասված վերադարձը: Մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստական անհամբեր սպասում էր իրենց տուն վերադառնալուն: Մեզ համար դա հայրենական պատերազմ էր, քանի որ մենք ազատագրում էինք մեր նախնիների հողերը միջազգային իրավունքով ընդունված սահմաններում: Ուզում եմ շեշտել՝ ադրբեջանցի զինվորի ոտքը երբևէ ոտք չի դրել օտար տարածքներ», - ասել է դեսպանը:

Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին ստորագրված եռակողմ հայտարարաությանը և իրավիճակին արցախյան տարածաշրջանում՝ նա համոզմունք է հայտնել, որ առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել խաղաղ բնակիչների «անիմաստ սպանությունները, որոնք շարունակվում են մինչ օրս»:

«Դուք հավանաբար գիտեք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ռմբակոծության ընթացքում զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, ոչնչացվել են Գյանջա, Բարդա, Թարթառ, Նաֆթալան և այլ քաղաքների բնակելի թաղամասեր: Բայց ամենավատն այն է, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո մարդիկ շարունակում են մահանալ՝ պայթեցվելով ականների վրա, որոնցով բառացիորեն ցանված են մեր հողերը:  Ըստ մասնագետների առավել լավատեսական կանխատեսումների՝ ազատագրված հողերի ամբողջական ականազերծումը կարող է տևել 10-ից 15 տարի։ Եվ դրա համար անհրաժեշտ կլինեն զգալի նյութական ներդրումներ, իսկ ադրբեջանական կողմն օգտագործում է ամենաժամանակակից սարքավորումները՝ հնարավորինս պաշտպանելով իր սակրավորներին: Այս վտանգավոր գործում մեզ օգնում են նաև ռուս խաղաղապահները, որոնցից մեկը նույնպես վերջերս պայթել է ականի վրա, իսկ մի քանիսը վիրավորվել են: Թուրք մասնագետները նույնպես մասնակցում են այս աշխատանքին: Միևնույն ժամանակ, հայկական կողմը կտրականապես հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները», - շարունակել է Բյուլբյուլօղլուն:

ՌԴ-ում ադրբեջանցի դեսպանը նաև անդրադարձել է հրադադարից հետո գերեվարված 62 հայ գերիներին ու նրանց անվանել «դիվերսիոն խմբի անդամներ»։

«Հայաստանի զինծառայողները գերեվարվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողության շնորհիվ: Այդ դիվերսիոն խումբը մեր տարածքներ է բերվել 2020-ի նոյեմբերի վերջին ՝ Ադրբեջանի զինված ուժերի և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Նրանց հաջողվել է սպանել ադրբեջանական բանակի չորս զինծառայողի ու մեկ խաղաղ բնակչի: Դիվերսիոն խմբի անդամները վնասազերծվել էին անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի Խոջավենդ շրջանում [Արցախի Հադրութի շրջան], այսինքն՝ պատերազմի ավարտից ու ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց: Նրանց բոլորը քրեական պատասխանատվության են ներգրավվել, քննությունը շարունակվում է: Միանգամայն ակնհայտ է, որ այդ անձինք չեն կարող ռազմագերիներ համարվել որևէ միջազգային կոնվենցիայի համաձայն և նրանց վրա չեն տարածվում 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ վերը նշված եռակողմ համաձայնագրի դրույթները», - ընդգծել է Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը, հավատարիմ լինելով Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին ու ելնելով ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխղճորեն կատարման սկզբունքից, լիովին կատարել է նոյեմբերի 10-ի համաձայնագիրը՝ բազմակի անգամ ավելի շատ զինվորներ և սպաներ տեղափոխելով։ «Քանի որ ավելի շատ ռազմագերիներ էին գերեվարվել մեր բանակի կողմից: Հանձնվել են նաեւ հայկական բանակի սպանված զինծառայողների գրեթե բոլոր մարմինները», - ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը։

Փոլադ Բյուլբյուլ-օղլուի խոսքերով՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցառումները ադրբեջանական տարածքներում հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ։ «Եվ մենք դրանում ցուցաբերում ենք աննախադեպ կառուցողականություն և համագործակցությանն ուղղված անկեղծություն: Այսպիսով, Ադրբեջանի կողմից համատեղ հայտարարության 8-րդ կետի խախտման մասին հայկական կողմի պնդումներն անհիմն են: Որպես բարի կամքի դրսեւորում, որքանով ես գիտեմ, երկու անգամ ռուսական կողմի խնդրանքով մի քանի մարդ արդեն վերադարձվեց։ Եվ մարտի 8-ի նախօրեին ազատ արձակվեց ու տեղափոխվեց իր հայրենիք Լիբանան միակ կին բանտարկյալը [բեյրութահայ Մարալ Նաջարյանը], ով, ի դեպ, հրաժարվեց վերադառնալ Հայաստան», - հավելել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը:

Նշենք, որ դեսպանը ստում է, քանի որ այլ կին ռազմագերիներ նույնպես կան ադրբեջանական կողմում։ Խոսքն առնվազն 3 մասին։

Ադրբեջանցի քաղաքական գործիչը, անդրադառնալով 1992 թվականի Խոջալուի արյունահեղությանը, կրկին հայկական կողմին է մեղարդել դրա համար, ինչպես տարիներ շարունակ անում են Ադրբեջանի իշխանությունները։

«Ե՛վ պատվիրատուները, և՛ վերը նշված հանցագործությունները կատարողները հայտնի են։ Եվ նրանցից ոմանք անհավատալի ցինիզմով գրքերում, հուշերում և հարցազրույցներում նույնիսկ նկարագրում են նաև իրենց «հերոսներին»: Ցավոք, նրանց գործողություններին դեռ իրավական գնահատական չի տրվել: Ես ուզում եմ ընդգծել, որ Խոջալուն ամենաարյունալին, ամենազանգվածային, բայց միակ ողբերգությունը չէ, որը տեղի է ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին: Ասկերան, Կապան, Գյումրի, Զենգիբասար [Մասիս], Գուգարք, Գարադաղլի, Աղդաբան, Խոջալու - այս անուններից յուրաքանչյուրի ետևում տասնյակ ու հարյուրավոր անմեղ խաղաղ բնակիչներ ...  Մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա և դատապարտի մարդկության դեմ հրեշավոր հանցագործությունները, որոնք կատարվել են մեր հողի վրա ղարաբաղյան հակամարտության ընթացքում: Կարծում եմ, որ սա կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև աշխարհի բոլոր երկրների համար, որպեսզի բացառվի նման իրադարձությունների կրկնությունը ցանկացած վայրում», - ասել է նա:

Նշենք, որ դեսպանի նշած այս բոլոր դեպքերը հերյուրանքներ են ու կրում են ընդամենը քարոզչական բնույթ։  Ինչ վերաբերում է Խոջալուի արյունահեղությանը, ապա Ադրբեջանի առաջին նախագահ (1990-1992) Այազ Մութալիբովը հայտարարել էր, այդ դեպքերը կազմակերպվել էին իր ընդդիմադիրների կողմից, որպեսզի վերջիններս Ադրբեջանում հեղաշրջում անեին։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել