ՀՖՖ ղեկավարությունը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորև.

««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջով անդրադարձել է հայկական ֆուտբոլին, մասնավորապես, Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Արարատ»-«Լոռի» խաղի մեկնարկում Վանաձորը ներկայացնող թիմը հրաժարվել է խաղալ: Հետագայում «Լոռի ՖԱ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում՝ հիմնավորելով այս որոշումը «ստեղծված անառողջ մթնոլորտով»: Էդմոն Մարուքյանը, սակայն, էլ ավելի առաջ է գնացել և բացատրել է «Լոռի ՖԱ» ղեկավարության վարքագիծը հետևյալ չհիմնավորված փաստարկներով․ «Այս իշխանության բերած կադրերը ձախողում են բոլոր ոլորտները», «իրենց պահում են ամենավերջին, ամենախայտառակ ձևով», «նման խայտառակություններ չեն էլ եղել», «ֆուտբոլի ղեկավարության ապագան սպասվում է քրեակատարողական հիմնարկներում»: Սրանք են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ ֆուտբոլին վերաբերող անդրադարձից հատվածներ:

Հնարավոր է, որ որոշ անձինք Էդմոն Մարուքյանին սխալ են ներկայացրել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը, այդուհանդերձ, կարծում ենք՝ նա չէ, որ պետք է գնահատականներ տա հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին, որին բարձր գնահատականներ են տալիս ոլորտի իրական մասնագետները: Ուրախ ենք, որ պատգամավորը նկատել է, որ Հայաստանի առաջնությունն արդեն 8 ամիս է՝ ընթացքում է, և զարմանում ենք, որ չի նկատել, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդամենը մի քանի ամիս առաջ իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի հաղթող է դարձել,  լրջագույն հաջողություններ է գրանցել նաև Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը: Ընդ որում, դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ COVID-19-ի համավարակի մարտահրավերներին ավելացել էր պատերազմական իրադրությունը: Հարկ է նշել, որ այդ հաջողությունների մեջ իրենց համեստ լուման ունեն, պարոն Մարուքյանի բառամթերքն օգտագործելով, «այս իշխանությունների բերած կադրերը»:

Մեր գնահատմամբ՝ Էդմոն Մարուքյանը, հակասելով մարզական հիմնարար սկզբունքներին, փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը, ինչն անթույլատրելի է հատկապես ներկա պահին, երբ Հայաստանի ազգային հավաքականն օրեր անց մեկնարկելու է Աշխարհի գավաթի ընտրական փուլում։ Ֆուտբոլի քաղաքականացումն անընդունելի և դատապարտելի քայլ է։

Եվ վերջապես, ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել