«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել։ Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարելու վերջին օրը Նիկոլ Փաշինյանը Դավթյանին գործուղեց ԳՇ, նա նշանակվեց ԳՇ-ում հատուկ հանձնարարությունների գծով սպայի հորինովի պաշտոնում։ Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբում զբաղեցնում է հատուկ հանձնարարությունների գծով սպայի պարտականությունները։ «Այո, ես դեռ չեմ նշանակվել ԳՇ պետի պաշտոնում, բայց կատարում եմ իմ պաշտոնի սահմանադրական պարտականությունները»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Արտակ Դավթյանը։

Թե ինչու է ուշանում Դավթյանի հրամանը, և երբ է սպասվում նրա նշանակումը, Արտակ Դավթյանն ասաց, որ իրավական ընթացակարգերի հարց է, այլ խնդիր չկա, իսկ ինքն իրավաբան չէ և այդ նյուանսներին չի տիրապետում, որ բացատրի, թե երբ է լինելու նշանակումը․ «Երբ հրամանն ուժի մեջ մտնի, դուք անպայման կիմանաք այդ մասին»։

Հատուկ հանձնարարությունների գծով սպայի հաստիք Գլխավոր շտաբը երբեք չի ունեցել, սա իրավիճակային լուծում է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի իր հրաժարականը պահանջած Գլխավոր շտաբում իր ականջն ու աչքն ունենա և կարողանա երկիշխանություն հաստատել, որովհետև ենթադրվում էր, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի կամայական պահանջով հեշտությամբ չի հեռանա, կմնա ու կպայքարի իր իրավունքների, ինչպես նաև իշխանությունների դեմ։ Բայց երբ Գասպարյանը հոժարակամ հեռացավ, Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանի վերաբերյալ մեկ օրվա ընթացքում՝ մարտի 9-ին, երկրորդ բարձր պաշտոնի նշանակման որոշումը ստորագրեց, հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնելով ԳՇ պետի պաշտոնում Դավթյանի թեկնածությունը։

Մարտի 11-ին նախագահն առարկություններով հետ ուղարկեց Փաշինյանի որոշումը, նույն օրը Փաշինյանը, չընդունելով առարկությունները, նախագահական վերադարձրեց իր հրամանագիրը, ավելին՝ շտապեց ԳՇ, որպեսզի ներկայացնի նոր պետին, բայց երբ իրավաբանական համայնքն ահազանգեց, որ Փաշինյանն առանց նախագահի ստորագրման չունի դրա իրավունքը և այդպիսով կխախտի Սահմանադրությունը, հայտարարվեց, թե ընդամենը խորհրդակցության է մասնակցել ԳՇ-ում, ու Արտակ Դավթյանի նշանակումը տեղի չունեցավ։

Թե ինչու ՀՀ նախագահը չստորագրեց որոշումը, մենք այդ մասին գրել ենք, այդ որոշման հիմքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որը նախագահի կողմից արդեն իսկ վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ 
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում հանրապետության նախագահի առարկությունը, ապա հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Նախագահականից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։

Հետևաբար՝ «5+3» բանաձևով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 19-ն, միայն մարտի 20-ին Արտակ Դավթյանը կարող է համարվել իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել