Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 16-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Porsche Panamera և Mercedes E63 մակնիշի  ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի  տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ բախման հետևանքով Porsche-ը գլխիվայր  շրջվել է: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ Porsche-ի առաջ մի քանի թափառող շներ են հայտնվել և վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար խույս է  տվել, ապա բախվել բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին ու գլխիվայր շրջվել: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:  

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումատակի 6-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի, դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Վթարի մասին  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների   և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել